Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի քարոզը՝ խոսված Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցում.
28.06.2026թ.«Թողե՛ք, որ ցորենն ու որոմը երկուսն էլ միասին աճեն մինչև հնձի ժամանակը» (Մտթ․ ԺԳ 30)։
Օրվա Ավետարանը մարդկային կյանքի ամենախորհրդավոր իրականություններից մեկի մասին է։ Մենք շատ կուզենայինք, որ աշխարհը միայն բարության դաշտ լիներ, Եկեղեցին՝ միայն սուրբերի ժողով, մեր սիրտը՝ միայն Աստծո բնակարան։ Բայց Տերը բացահայտում է հաստատուն մի իրականություն. նույն արտում, նույն հողի վրա, նույն արեգակի ներքո կողք կողքի աճում են ցորենն ու որոմը, բարիքն ու չարիքը։ Այս համակեցությունն անկյալ աշխարհի խնդիրն է, որին Աստված պատասխանում է ոչ թե հապճեպ դատաստանով, այլ անսահման համբերությամբ։ Որոմի առկայությունը վկայում է ոչ թե Աստծո անզորության, այլ նրա ողորմության մասին, որով նա դեռ ժամանակ է տալիս, որ մենք դարձի գանք, բարիք գործենք և պտղաբերենք։
Տեր Հիսուս առակի մեջ երկնքի արքայությունը նմանեցնում է հետևյալ պատկերին. «Մի մարդ լավ սերմեր սերմանեց իր արտի մեջ։ Մի գիշեր, երբ ամեն մարդ քնի մեջ էր, նրա թշնամին եկավ, որոմ ցանեց ցորենի մեջ և գնաց» (Մտթ. ԺԳ 24-25)։ Այս երկու նախադասության մեջ ամփոփված է մեր ողջ մարդկային կյանքի պայքարը։ Աստված մշտապես սերմանում է բարին՝ ճշմարտություն, սեր, արդարություն և կյանք։ Այնինչ չարը, չունենալով սեփական աշխարհը, ներխուժում է Աստծո արարչություն և մակաբույծի պես ապրում բարու հաշվին։ Գալիս է քողարկված, գիշերով, լուռ ու աննկատ։ Որոմը արտաքնապես նման է ցորենին, ինչպես չարը, որ խոսում է բարու լեզվով, հագնում է առաքինության զգեստ, որպեսզի մոլորեցնի մեզնից շատերին։ Չարը գրեթե երբեք չի ներկայանում իր ահասարսուռ պատկերով. նա հանդես է գալիս որպես ավելի շահավետ ճշմարտություն, ավելի հեշտ ճանապարհ, ավելի հրապուրիչ ազատություն։
Եվ երբ գալիս է պտղաբերության ժամանակը, բացահայտվում է ամենացավալի ճշմարտությունը. որոմը դաշտի եզրին չէ, այլ ցորենի մեջ։ Այն աճում է նույն ընտանիքում, նույն հասարակության մեջ, նույնիսկ նույն եկեղեցական համայնքում։ Այս պայքարը տեղի է ունենում նաև յուրաքանչյուրիս սրտում։ Մեր ներսում ևս միմյանց դեմ պայքարում են հավատն ու կասկածը, սերն ու ինքնասիրությունը, ողորմությունն ու դատապարտումը, Աստծո ձայնն ու փորձչի շշունջը։Երբ ծառաները տեսնում են որոմը ցորենի արտում, անմիջապես առաջարկում են. «Տե՛ր, ուզո՞ւմ ես՝գնանք և քաղհանենք որոմը» (Մտթ. ԺԳ 28)։ Այս մոտեցումը բնորոշ է բոլոր ժամանակների մարդուն։ Տեսնելով չարի հաղթարշավը, անարդարության տարածումը, ճշմարտության խեղաթյուրումը՝ մեր առաջին մղումը լինում է անմիջապես միջամտել և արմատախիլ անել այն, ինչ մեզ թվում է չար։ Մենք ցանկանում ենք մաքրել դաշտը, նույնիսկ եթե դրա համար պետք է ուժ գործադրենք։ Տիրոջ պատասխանը կտրուկ է՝ հակառակ մեր մարդկային մտածողությանը. «Ո՛չ, – ասում է, – որովհետև որոմը քաղելիս կարող եք նրա հետ նաև ցորենն արմատախիլ անել։ Թող երկուսն էլ միասին աճեն մինչև հնձի ժամանակը» (Մտթ. ԺԳ 29–30)։
Սիրելի՛ հավատացյալներ,Այս խոսքերի մեջ բացահայտվում է Աստծո իմաստությունը, որն անհասկանալի է մարդկային մտայնությանն ու հապճեպությանը։ Մենք տեսնում ենք միայն ներկան, մինչդեռ Աստված՝ նաև ապագան։ Մենք դատում ենք ըստ արտաքինի, իսկ Աստված՝ ըստ ներաշխարհի։ Մենք տեսնում ենք այն, ինչ մարդն է այսօր, իսկ Աստված տեսնում է նաև այն, ինչ նա կարող է դառնալ ապագայում։ Որտեղ մենք կարող էինք տեսնել միայն չարիք, Աստված տեսնում է ապաշխարող Պողոսի առաքյալին, չար ծնողից ծնված սուրբ Ներսես Մեծ շնորհաշատ հայրապետին։Այստեղ է առակի խորին խորհուրդը։ Աստծո համբերությունը անտարբերություն չէ, նրա լռությունը՝ չարի հանդեպ հանդուրժողություն չէ։ Նա պարզապես չի շտապում, որովհետև Տիրոջ նպատակը ոչ միայն արդարությունն է, այլև փրկությունը։ Մենք առաջնորդվում ենք դատաստանի տրամաբանությամբ, Աստված՝ փրկության տնտեսությամբ։ Նրա համբերությունը ժամանակ է տալիս ապաշխարության, նրա ողորմությունը՝ վերափոխման, և երբ փրկության բոլոր ուղիները սպառվում են, գալիս է արդար դատաստանի ժամը։
Սիրելինե՛ր, առակի մեջ շեշտադրվում է, որ «թշնամին ցորենի մեջ որոմ է ցանում, երբ ամեն մարդ քնի մեջ էր…» (Մտթ. ԺԳ 25)։ Չարը հաճախ ներխուժում է մեր հոգևոր քնի պահին, և հաղթում է ոչ այնքան իր ուժով, որքան մեր զգոնության թուլությամբ։ Որոմը սովորաբար մեծ մեղքով չի սկսվում, այլ մի փոքր զիջումից, չապաշխարած մի վիրավորանքից, մի թաքուն հպարտությունից, աննշան մի կեղծիքից կամ անտարբերությունից։ Հետզհետե արմատավորվում է՝ մեր հոգին վերածելով որոմապատ դաշտի։ Ահա թե ինչու Քրիստոսի առաջին կոչը մեզ արթնությունն է՝ սեփական ներաշխարհի հսկողությունը։ «Արթո՛ւն եղեք», որովհետև հոգևոր կյանքում ամենամեծ վտանգը ոչ թե բացահայտ պատերազմն է, այլ հոգևոր թմրությունը։
Մարդու վտանգավոր գայթակղություններից մեկն այն է, երբ դադարում է աշակերտ լինելուց և սկսում է իրեն դատավոր համարել։ Քրիստոս ծառաներին չի հանձնարարում որոշել, թե ո՛վ է ցորենը և ո՛վ՝ որոմը։ Այդ իրավունքը իրենն է՝ հնձի Տիրոջը։ Ամեն անգամ, երբ մենք վերջնական դատողություն ենք անում մարդկանց մասին՝ մեկին անվերադարձ կորած, մյուսին՝ անվերապահ արդար հռչակելով, աննկատ յուրացնում ենք աստվածային իրավունքը։ Այստեղ ավարտվում է մեր խոնարհությունը։ Ուստի այս առակը մեզ սովորեցնում է ոչ թե դատել մարդկանց, այլ քննել սեփական սիրտը. որովհետև վերջին դատաստանի օրը Տերը մեզ չի հարցնելու, թե որքան ճշգրիտ ենք ճանաչել ուրիշների որոմը, այլ արդյոք մեր կյանքը դարձել է հասուն ցորեն Աստծո արքայության համար։
Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ,
Թշնամին միշտ փորձելու է որոմ սերմանել, բայց Քրիստոսը երբեք չի դադարելու բարի սերմ ցանելուց։ Հետևաբար, չարի ներկայությունից վհատվելու փոխարեն անհրաժեշտ է բարու մշակներ դառնալ։ Այս պատգամը հատկապես արդիական է մեր օրերում։ Մեր հայրենիքը ցավեր է ապրում, մեր հասարակությունը պառակտված է, մարդկային հարաբերություններում գերակշռում են փոխադարձ անվստահությունը, մեղադրանքները, անհանդուրժողականությունը։ Նման ժամանակներում ամենահեշտը ուրիշների մեջ որոմ փնտրելն է, իսկ ամենադժվարը՝ սեփական սրտում ցորեն աճեցնելը։ Ահա Քրիստոսի մատնանշած ճանապարհը։ Ազգն ու եկեղեցին չեն զորանում դատապարտող ձայներով, այլ՝ աղոթող ծնկներով, բարիք ստեղծող ձեռքերով։Ուստի այսօր, այս սուրբ սեղանի առջև, խնդրանքս է ձեզ՝ եղե՛ք ցորեն ձեր ընտանիքում, ձեր աշխատավայրում, ձեր համայնքում։ Մի՛ բազմապատկեք մեր կյանքի բաժանումները, այլ եղե՛ք հաշտարարներ։ Մի՛ դարձեք այն ձայնի կրողը, որ պառակտում է, այլ ձեր ներկայությամբ աճեցրեք վստահությունը, սերը և համերաշխությունը։
Այս առիթով կցանկանայի հայրական երախտագիտությունս հայտնել Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցու հավատավոր համայնքին՝ մեր սիրելի Տեր Միքայելի առաջնորդությամբ, ձեր սիրո, հավատարմության, միասնական աղոթքի և եկեղեցասիրության համար։ Ամեն անգամ ձեզ այցելելիս համոզվում եմ, որ կենդանի եկեղեցին միայն քարաշեն տաճարը չէ, այլ նախ հավատքով, զոհողությամբ և սիրով ապրող համայնքը։ Ձեր նվիրվածությունն ու հավատքը հույս են ներշնչում, որ Մրգավանի հովվության մեջ Տիրոջ բարի սերմը շարունակում է աճել և պտղաբերել։
Բարեխոսությամբ Սուրբ Աստվածամոր, որի տոներից մեկն է այսօր, և Սուրբ Հակոբի Մծբնեցու, որի անվամբ է օծված այս եկեղեցին, թող այս համայնքը դառնա այն արտը, որտեղ առատորեն կհասունանա հավատքի, հույսի և սիրո ոսկեղեն հասկը, որպեսզի մարդիկ, տեսնելով ձեր բարի գործերը, փառավորեն մեր երկնավոր Հորը։
Եվ երբ գա Տիրոջ հնձի օրը, արժանի լինեք նրա ողորմությամբ հավաքվելու հավիտենական շտեմարաններում, որտեղ այլևս որոմ չի լինի և «արդարները երկնքի արքայության մեջ կփայլեն արեգակի նման» (Մտթ. ԺԳ 43)։
Լուսավոր տրամադրությամբ դուրս գանք այս սուրբ տաճարից ոչ թե որպես ուրիշների դատավորներ, այլ Աստծո սիրո շողշողուն վկաներ, ոչ թե մեր շուրջը որոմ փնտրելու մոլուցքով, այլ մեր սրտի արտը մշակելու նախանձախնդրությամբ, որպեսզի մեր հոգևոր անդաստանում ցորենը հասունանա Սուրբ Հոգու կենսատու շնորհով, և հնձի օրն արժանանանք Տիրոջ երանելի կանչին.
«Եկե՛ք, իմ Հոր օրհնյալներ, ժառանգեցե՛ք այն արքայությունը, որ պատրաստված է ձեզ համար աշխարհի սկզբից ի վեր» (Մտթ. ԻԵ 34)։ Ամեն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում