«Եթե համարեն, որ բազան պետք չէ, վաղը ևս դուրս կգանք»․ Պուտինի պատասխանները ԶԼՄ-ների հարցերին
Կարդացեք նաև
Ղրղզստան կատարած աշխատանքային այցի ավարտին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով ռուսական լրատվամիջոցների հարցերին, մանրամասն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների ներկայիս վիճակին, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ապագային, ինչպես նաև ԵԱՏՄ-ից դուրս գալու հեռանկարին ու ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակին։
Անդրադառնալով Գյումրիի ռազմաբազայի հնարավոր դուրսբերման մասին հարցին՝ ՌԴ նախագահն ընդգծել է, որ Մոսկվան որևէ բան չի պարտադրելու Երևանին և պատրաստ է հարգել Հայաստանի ցանկացած որոշում։
«Եթե Հայաստանը գտնում է, որ ռուսական ռազմաբազան իրեն պետք չէ, մենք դուրս կգանք թեկուզ վաղը: Հայաստանը պատրա՞ստ է դրան: Խնդրեմ, մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրի: Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ այնտեղ կողքին լինի ռուսական «ռազմական թև», մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հայտարարել է Պուտինը։
Խոսելով Երևանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության մասին՝ Ռուսաստանի ղեկավարը նկատել է, որ Եվրոպական միությանն ընդառաջ քայլեր անելը փաստացի ազդարարում է Եվրասիական տնտեսական միությունը լքելու մտադրության մասին։ Նա պարզաբանել է, որ միաժամանակ երկու տնտեսական կառույցներում գտնվելն ուղղակի անհնար է տարբեր տեխնիկական, սանիտարական ու իրավական չափորոշիչների պատճառով։
«Եթե դուք օրենք եք ընդունել ԵՄ-ին միանալու ընթացակարգ սկսելու մասին, ուրեմն հայտարարել եք, որ որոշակի հեռանկարում դուրս եք գալիս ԵԱՏՄ-ից»,- նշել է նա՝ հավելելով, որ ԵԱՏՄ-ում Հայաստանը ստանում է բավականին մեծ արտոնություններ, այդ թվում՝ էներգակիրների ցածր գների տեսքով, և այժմ հայկական կողմը պետք է ազնվորեն ասի, թե որն է իր վերջնական նպատակը։
Անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին և ՀԱՊԿ-ին՝ Պուտինը շեշտել է, որ իրադարձությունների ներկայիս ընթացքը սկսվեց այն պահից, երբ Հայաստանի ղեկավարությունը Պրահայում ստորագրեց փաստաթուղթն ու Ղարաբաղը պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի մաս։
«Սրանից հետո մեր դիրքորոշումն այս հարցում ձեռք բերեց երկակի բնույթ։ Մենք ի՞նչ է, կարո՞ղ էինք կամ պետք է միջամտեինք Ադրբեջանի ներքաղաքական գործերին»,- ասել է ՌԴ նախագահը։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հասցեին հնչող դժգոհություններին, նա պարզաբանել է, որ կազմակերպության անդամները չէին կարող սահմանային որոշակի հատվածներ պաշտպանել, քանի որ երկրների միջև սահմանազատում և սահմանային պայմանագիր գոյություն չունի, իսկ կողմերը տարբեր կերպ են պատկերացնում սահմանագիծը։
Եզրափակելով խոսքը՝ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվել են հանգիստ ռեժիմով քննարկել առկա բոլոր հարցերը։ Նա նշել է, որ ՀՀ վարչապետին հրավիրել է Մոսկվա՝ երկու երկրների մասնագետների մասնակցությամբ յուրաքանչյուր ուղղություն ու կետ մանրամասն վերլուծելու և հետագա քայլերը հստակեցնելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում