Արցախցիների հեռանալն ու Ադրբեջանի դիրքորոշումը․ Վլադիմիր Պուտինի պարզաբանումները

Արցախցիների հեռանալն ու Ադրբեջանի դիրքորոշումը․ Վլադիմիր Պուտինի պարզաբանումները

Ղրղզստան կատարած այցի ավարտին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է Արցախյան հակամարտության հանգուցալուծմանը, տեղի հայության հեռանալուն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քայլերին։

Խոսելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին՝ ՌԴ նախագահը շեշտել է, որ հարցի շուրջ դիրքորոշումների փոփոխությունը սկսվեց այն պահից, երբ Հայաստանի ղեկավարությունը Պրահայում ստորագրեց համապատասխան փաստաթուղթն ու Արցախը պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի մաս։

«Այդ պահից ի վեր մեր դիրքորոշումն այս հարցում ձեռք բերեց երկակի բնույթ։ Մենք ի՞նչ է, կարո՞ղ էինք կամ պետք է միջամտեինք Ադրբեջանի ներքաղաքական գործերին»,- նշել է Պուտինը։

Անդրադառնալով Արցախի բնակչության տեղահանմանը՝ Ռուսաստանի ղեկավարը հայտարարել է, որ արևմտյան երկրներն իրեն վստահեցնում էին, թե կարող են ապահովել տեղի հայության իրավունքներն ու անվտանգությունը։ Նրա խոսքով՝ ինքն ի սկզբանե զգուշացրել է, որ մարդիկ, միևնույն է, չեն մնալու, թեև պնդել է, թե Ադրբեջանի նախագահը մտադրություն չուներ նրանց վնաս պատճառելու։

«Նախագահ Ալիևը այդ մարդկանց որևէ վատ բան չէր անի: Նա ժամանակակից, ինտելեգենտ մարդ է և 100 տոկոսով փորձելու էր ապահովել նրանց շահերը: Բայց նրանք միևնույն է չէին մնալու, ինչպես որ տեղի ունեցավ»,- ասել է ՌԴ նախագահը։

Պուտինի գնահատմամբ՝ չնայած ծանր իրադարձություններին, ստեղծված իրավիճակում կան նաև որոշակի հեռանկարներ։ Նա նշել է, որ ռազմական փուլի ավարտը հնարավորություն է տալիս փակել հակամարտության էջը, լուծել մարդկանց կեցության հարցերը, ապաբլոկավորել տարածաշրջանային ենթակառուցվածքները և բացել Թուրքիայի հետ սահմանը, ինչն էլ կարող է նոր տնտեսական հոսքեր ու ներդրումներ ապահովել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում