Խաղաղության աղոթք՝ Մայր Տաճարում․ Մայր Աթոռում անդրադարձել են արցախահայությանն ու Բաքվում պահվող գերիներին

Խաղաղության աղոթք՝ Մայր Տաճարում․ Մայր Աթոռում անդրադարձել են արցախահայությանն ու Բաքվում պահվող գերիներին

Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության Անկախության հռչակման օրվա առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միածնաէջ Մայր Տաճարում, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվել է Խաղաղության աղոթք։

Հոգևոր արարողության ընթացքում Մայր Աթոռի միաբանությունն ու հավաքված ժողովուրդը միասնական աղոթք են բարձրացրել առ Աստված՝ հայցելով տոկունություն ու ապահով կյանք բռնի տեղահանված արցախահայության համար, ինչպես նաև խաղաղություն ու բարօրություն՝ համայն հայ ժողովրդին։

Արարողության առանցքային շեշտադրումներից է եղել Բաքվում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարության շուտափույթ ազատ արձակման ու հայրենիք վերադարձի համար աղոթքը։

Խաղաղության կարգի ավարտին հոգևոր դասն ու ներկաները հոգեհանգստյան աղոթք են մատուցել՝ հանուն հայրենիքի պաշտպանության և Արցախյան պատերազմներում նահատակված քաջորդիների հոգիների խաղաղության։

Հետևեք մեզ նաև Telegram-ում