Խոշտանգումներով վերացված խաչեր ու Աստվածաշնչի արգելք․ Սիրանուշ Սահակյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

Խոշտանգումներով վերացված խաչեր ու Աստվածաշնչի արգելք․ Սիրանուշ Սահակյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ կրոնական հողի վրա խտրականությունն ու խոշտանգումներն ակնհայտ բնույթ են կրում։ Այս մասին սեպտեմբերի 4-ին կայացած ասուլիսում հայտարարեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի պաշտպան, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ ղեկավար Սիրանուշ Սահակյանը։

Իրավապաշտպանի խոսքով՝ հայ-ադրբեջանական հակամարտությունում կրոնական գործոնն առանցքային նշանակություն ունի, ինչը երևում է թե՛ Արցախում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նպատակադրված ոչնչացումից, թե՛ Բաքվի բանտերում գտնվող հայերի հանդեպ վերաբերմունքից։

Սիրանուշ Սահակյանն իր խոսքում մասնավորապես նշեց․

«Այստեղ անհնար է ասել, որ կրոնը նշանակություն չունի։ Այս պահին Ադրբեջանում գտնվող բոլոր հայերը քրիստոնյաներ են և ապօրինաբար են պահվում, և, եթե հակամարտությունը լիներ այլ երկրում, որտեղ այլ կրոն դավանեին, արդյո՞ք անհապաղ ազատ արձակելու մարդասիրական իրավունքի պահանջը կհարգվեր, ամենայն հավանականությամբ կհարգվեր, ավելի հեշտությամբ այդ հարցերը իրենց հանգուցալուծումը կստանային։

Հաջորդը, մենք տեսել ենք թիրախավորված գործողություններ կրոնական խորհրդանիշների առնչությամբ։ Միջազգային զեկույցներում արձանագրված փաստ է, որ խաչի տեսքով դաջվածքների պարագայում դրանք այրվել են, այսինքն մաշկի վրայից խոշտանգման ճանապարհով վերացվել է խաչը։ Թեև որոշ սահմանափակ գրքեր տրամադրվել են հայ բանտարկյալներին, սակայն արգելվել է Աստվածաշնչի փոխանցումը, կամ եղել են դեպքեր, երբ մենք արձանագրել ենք, որ հարկադրել են Ղուրան ընթերցել։ Նման փաստերը արդեն իսկ վկայում են, որ քրիստոնյա լինելը ավելի խոցելի է և միգուցե քրիստոնեական մշակույթ կրող լինելը նաև դժվարեցնում է քաղաքակրթական երկխոսությունը Ադրբեջանի հետ։ Այս տարը կարծում եմ գոյություն ունի»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում