Shein-ի IPO-ն ձախողվել է․ ընկերության շուկայական արժեքը նվազել է 70%-ով

Shein-ի IPO-ն ձախողվել է․ ընկերության շուկայական արժեքը նվազել է 70%-ով

Գերարագ նորաձևության հսկա Shein ընկերությունը ֆոնդային բորսայում IPO-ի իրականացումից հետո բախվել է շուկայական արժեքի կտրուկ անկման։ Սինգապուրում տեղակայված և արտադրության հիմնական մասը Չինաստանում իրականացնող ինտերնետ-հարթակը, մատակարարման շղթաների անորոշության և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության սուր քննադատության պատճառով, այդպես էլ չկարողացավ ցուցակագրվել Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում։

Արդյունքում ընկերությունը ստիպված եղավ տեղափոխվել Հոնկոնգի ֆոնդային բորսա, որտեղ սեպտեմբերի 1-ի դրությամբ նրա շուկայական արժեքը գնահատվել է մոտ 27 միլիարդ դոլար (շուրջ 23,24 միլիարդ եվրո)։ Թեև առաջին հայացքից սա խոշոր գումար է, այն 70 տոկոսով ցածր է 2022 թվականի մասնավոր շուկայում գրանցված պիկային ցուցանիշից, երբ ընկերությունը գնահատվում էր գրեթե 100 միլիարդ դոլար (86 միլիարդ եվրո)։

Euronews Earth-ի հետ զրույցում E&S Solutions տեխնոլոգիական ընկերության հիմնադիր, կայուն զարգացման փորձագետ Իլդիկո Ալմասի Սիմշիչը պարզաբանել է, որ Shein-ի IPO-ի ձախողումը պատահական չէ։ Նրա գնահատմամբ՝ կապիտալի շուկաները գործում են ոչ թե ալտրուիզմից ելնելով, այլ արձագանքում են էական ֆինանսական ռիսկերին։ Ընկերության մուտքի հապաղումն ու արժեքի կտրուկ նվազումը փաստում են, որ ներդրողներն այժմ ESG (բնապահպանական, սոցիալական և կառավարման) ռիսկերը ընկալում են որպես բիզնեսի վերջնական արժեքի ուղղակի սպառնալիք։

Փորձագետի ընդգծմամբ՝ օրական հազարավոր նոր մոդելներով շուկան հեղեղող և ցածր գնային քաղաքականություն վարող բիզնես-մոդելը, որի շուրջ բազմաթիվ աղմկահարույց սկանդալներ են եղել՝ սկսած հարկադիր աշխատանքից մինչև հագուստում վտանգավոր քիմիկատների առկայությունը, իր մեջ պարունակում է ռիսկերի հսկայական փաթեթ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում