Վճռաբեկ դատարանը մերժել է բողոքները․ Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտավ օրինական ուժի մեջ
Կարդացեք նաև
ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված 28-ամյա հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի գործով տուժողի ներկայացուցչի և մեղադրյալի պաշտպանների վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժվել է։ Այս մասին սոցիալական ցանցի իր էջում հայտնել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։ Վճռաբեկ դատարանի սույն որոշմամբ մեղադրյալ Արամ Նավասարդյանի նկատմամբ կայացված դատավճիռն վերջնականապես մտել է օրինական ուժի մեջ։
Անդրադառնալով դատական ակտին՝ փաստաբան Ասլանյանը մտահոգություն է հայտնել հետագա զարգացումների վերաբերյալ․ «Համոզմունք ունեմ, որ հետագայում ևս ամենաբարձր մակարդակով արվելու է ամեն ինչ, որպեսզի մեղադրյալը չկրի նույնիսկ դատավճռով նշանակված ակնհայտ մեղմ ու անհամաչափ պատիժը՝ 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկումը»։
Հիշեցնենք, որ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի և նրա չծնված զավակի սպանության համար մեղադրյալ Արամ Նավասարդյանը մեղավոր էր ճանաչվել և ազատազրկվել 1 տարի 6 ամիս ժամկետով։ Դատարանը նրան 1 տարի 6 ամիս ժամկետով զրկել էր ավտոմոբիլ կամ այլ տրասնպորտային միջոց վարելու հնարավորությունից և որոշել տուժողի իրավահաջորդ Մնացական Մնացականյանի օգտին բռնագանձել 4 մլն դրամ։ Հղի կնոջը վրաերթի ենթարկած Արամ Նավասարդյանը ՔԿՀ–ում պատիժ է կրելու 1 տարի 5 ամիս 26 օր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում