Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է Հայրապետական մաղթանք՝ Գարեգին Բ-ի գահակալության 27-րդ տարեդարձի առիթով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է Հայրապետական մաղթանք՝ Գարեգին Բ-ի գահակալության 27-րդ տարեդարձի առիթով

Նոյեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Սուրբ Պատարագի ավարտին կատարվել է Հայրապետական մաղթանք: Ընդունված կարգի համաձայն՝ հավատացյալների երկրպագության համար դուրս է բերվել նաև Սկևռայի սրբոց մասանց պահարանը։ Սրբազան արարողությանը ներկա են եղել Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և ուխտավորներ: Օրվա պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Իր քարոզում Մուշեղ Սրբազանը շնորհավորել է Ամենայն Հայոց Հայրապետին և անդրադարձել նրա հոգևոր, մշակութային, կրթական ու եկեղեցաշեն գործունեությանը․ «Այսօր ազգովի տոնում ենք գահակալության 27-րդ տարեդարձը Հայոց Հոր՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի։ Մեծագործ հայրապետներից մեկը, ով լսեց Տիրոջ պատվիրանները և կատարեց դրանք և, ըստ Տիրոջ խոսքի, արժանացավ ավելիին՝ կանչվելով առաքելահաստատ Աթոռին բարձրագույն ծառայության: Քսանյոթ տարի… Սա ժամանակի մի մեծ հանգրվան է, որն իր մեջ ամփոփում է ոչ միայն մեկ հայրապետի կյանքն ու ծառայությունը, այլև մեկ ժողովրդի, մեկ սերնդի նորագույն պատմության ամենահուզումնալից, վերելքներով ու հավատի հաղթանակներով լի շրջանը»։

Անդրադառնալով վերջին տարիների մարտահրավերներին՝ Սրբազանն ընդգծել է, որ չնայած պատերազմներին, տնտեսական դժվարություններին ու քաղաքական ցնցումներին, Հայրապետն անխոնջ կերպով կրում է պատասխանատվության խաչը։ Սուրբ Պատարագից հետո Իջման Սուրբ Սեղանի առջև կատարվել է Հայրապետական մաղթանք՝ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հանդիսապետությամբ, որտեղ ներկաներն աղոթք են բարձրացրել Մայր Աթոռի անսասանության և Նորին Սրբության քաջառողջության համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում