ՀՀ-ում իրավիճակն ունի բացառապես տնտեսական պատճառներ, քաղաքական որևէ բան այստեղ չկա. «Ինտեր ՌԱՕ»-ի ղեկավար
Նմանատիպ
Հայաստանի էլեկտրաէներգետիկ ոլորտում ստեղծված բարդ իրավիճակը, որը հանգեցրեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, ունի բացառապես տնտեսական, այլ ոչ քաղաքական պատճառներ, և արդյունք է ոլորտի կանոնակարգման դաշտում համակարգային խնդիրների: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է «Ինտեր ՌԱՕ» էներգետիկ ընկերության կառավարման խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկը՝ հավելելով, որ ՀԷՑ-ը գտնվում է ֆինանսական ծանր իրավիճակում, ինչից ելնելով ընկերությունը Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էլեկտրաէներգիայի սակագինը 40 տոկոսով բարձրացնելու պահանջ է ներկայացրել, մինչդեռ ՀԾԿՀ-ն մասամբ է բավարարել այն՝ հոսանքը թանկացնելով 17 տոկոսով:
«Ինտեր ՌԱՕ»-ի ղեկավարն այս համատեքստում շարունակել է, որ ՀԷՑ-ի կորուստները ՀՀ-ում կանոնակարգման գործող համակարգի հետևանք են.
«ՀԷՑ-ի երկարամյա վնասները պայմանավորված են Հայաստանի Հանրապետությունում սակագների կանոնակարգման գործող համակարգով և էլեկտրաէներգետիկայի շուկայի գործունեությունը կարգավորող առկա կանոններով»,– ասել է Կովալչուկը:
Ըստ նրա՝ կանոնակարգման համակարգը ենթադրում է ՀԷՑ-ի հաշվին գեներացնող ընկերությունների ֆինանսավորում, ինչպես նաև ստիպում է ընկերությանն ավելի թանկ էլեկտրաէներգիա գնել, քան նախատեսված է Հայաստանի հաստատված էներգետիկ բալանսով՝ առանց սպառողների կողմից փոխհատուցումների:
Նա հավելել է, որ 11 տարվա ընթացքում սակագների ոչ բավարար բարձրացումը, Մեծամորի ատոմակայանի վերանորոգումը, Հայաստանի հէկերում արտադրության ծավալների նվազումը բերել են նրան, որ երկրի բաշխիչ- ցանցային համալիրը 37 միլիարդ դրամով պակաս եկամուտ է ստացել:
«Հենց սա է ստեղծված ֆինանսական բարդ իրավիճակի հիմնական պատճառը»,- շեշտել է Կովալչուկը՝ հավելելով, որ ժամանակին ընկերությունը կարողացել է փոխառություններ վերցնելով ֆինանսական այս խնդիրները լուծել, ինչն այսօր հնարավոր չէ:
Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՀԷՑ-ում միջազգային աուդիտ անցկացնելու որոշմանը, Կովալչուկը նշել է, որ «Ինտեր ՌԱՕ»-ն ողջունում է այս գաղափարը. «Վստահ եմ, որ աուդիտի արդյունքում կլինեն եզրակացություններ, որոնք կհաստատեն ոլորտում համակարգային փոփոխությունների նպատակահարմարությունը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում