Մերձավոր Արևելքի խողովակաշարային քարտեզի վրա Ռուսաստանը փորձում է ամրապնդել իր դիրքերը

Մերձավոր Արևելքի խողովակաշարային քարտեզի վրա Ռուսաստանը փորձում է ամրապնդել իր դիրքերը

Մերձավոր Արևելքը վերածվել է իսկական քաոսի, և շատ դժվար է հասկանալ այնտեղ ներգրավված ուժերից յուրաքանյուրն ինչ շահեր, նպատակներ և հեռանկարներ ունի: Արաբական գարնան հետևանքով Ռուսաստանի հետ ավանդաբար լավ հարաբերություններ ունեցող պետությունների ղեկավարները մեկը մյուսից հետո իշխանազուրկ դարձան: Այդ հարաբերությունների առանցքում հաճախ ընկած էր նաև անձնական գործոնը և դեռևս Խորհրդային միության տարիներից հաստատված ամուր կապերը: Նույնը կարելի է ասել Սիրիայի պարագայում, երբ Բաշար Ասադի հայրը` Հաֆեզ Ասադը, անձնական լավ հարաբերություններ ուներ Խորհրդային միության ղեկավարության հետ, որն էլ հիմք դրեց ռուս-սիրիական բարեկամական հարաբերությունների շարունակականությանը:

Իրաքը, Սադամ Հուսեյնի իշխանության տապալումից հետո, կորցրել էր Ռուսաստանի հետ ունեցած նախկին կապերը: Նույնիսկ Իրաքյան Քրդստանը, չնայած այն հանգամանքին, որ քրդերը դեռ վաղուց սերտ կապեր ունեին Ռուսաստանի հետ, դիտարկվում էր որպես ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակից, որին պարտական էին Իրաքի կազմում աննախադեպ մեծ ինքնիշխանություն ստանալու համար:

Սակայն վերջին մի քանի տարիներին շատ բան է փոխվել: Ռուսաստանը փորձում է գործնական և բարեկամական հարաբերություններ հաստատել ինչպես Իրաքի, այնպես էլ Իրաքյան Քրդստանի հետ: Բնականաբար, շատ դժվար է հավասարակշռություն պահպանել այս երկու ուժերի միջև, սակայն որոշակի առումով Ռուսաստանին հաջողվել է համագործակցել և մի շարք պայմանագրեր ստորագրել երկու կառավարությունների հետ էլ:

2003թ-ի օգոստոսին Իրաքի և ռուսաստանյան «ՏեխնոպրոմԷքսպորտ» և «Ինտերէներգոսերվիս» ընկերությունների միջև համաձայնագիր կնքվեց էլեկտրաէներգիայի արտադրման վերաբերյալ: Վերջին տասնամյակի ընթացքում հենց էներգետիկան էր երկու երկրների համագործակցության հիմնկան ուղղությունը:

Սակայն հարաբերությունների այդ մակարդակը Ռուսաստանին ձեռք չէր տալիս, ուստի ի նշան երկու պետությունների միջև հարաբերությունների խորացման և վստահության ամրապնդման, 2008թ-ին Ռուսաստանը գրեթե ամբողջությամբ ներեց Իրաքի 11,3 միլիարդ դոլար պարտքը` թողնելով ընդամենը 1,5 միլիարդը, որն իրաքյան կողմը պարտավորվում էր մարել 34 տարիների ընթացքում: Փոխարենը Ռուսաստանն ամեն կերպ փորձում էր Իրաքի հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության մեջ մտնել:

Ռուսաստանի այս ջանքերը հաջողությամբ պսակվեցին  և երկար տարիների բանակցություններից հետո Իրաքը զենքի մեծաքանակ գնման պայմանագիր ստորագրեց Ռուսաստանի հետ:

Ռուսաստանի համար բացի այս ոլորտից առաջնային էր նաև էներգետիկ ասպարեզում համագործակցության հաստատումն ու ամրապնդումը:

2009թ-ին «Գազպրոմ»-ն իր «Գազպրոմ նավթ» մասնաճյուղի միջոցով հաղթեց Իրաքի արևելքում գտնվող Բադրա նավթահանքի շահագործման տենդերը, և 30% բաժնետոմսերով հանդիսանում է նախագծի գլխավոր օպերատորը: Բադրայի նավթային պահուստային պաշարները գնահատվում են 3 միլիարդ բարել:

Բաղդադի հետ խորացնելով ռազմական համագործակցությունը` Ռուսաստանը մասնակցում է նաև Իրաքյան Քրդստանում մեկնարկող նախագծերին: 2012թ-ի ամռանը «Գազպրոմ նավթ»-ը դարձավ Գարմիան, Շակալ և Խալբաջա նախագծերի մասնակից, որը գտնվում էր Քրդստանի հարավում: Այս հանքավայրերի ընդահանուր պահուստային ֆոնդը գնահատվում է 4.3 միլիարդ բարել: Գարմիան նախագծում ռուսական ընկերությունն ունի 40% մասնաբաժին, սակայն գլխավոր օպերատորը նույնպես 40% մասնաբաժին ունեցող կանադական WesternZagros-ն է: Շակալ նախագծում ռուսական ընկերությունն ունի 80% բաժնեմաս և հանդիսանաում է գլխավոր օպերատորը:

Տեսնում ենք, որ Ռուսաստանը փորձում է մեծացնել իր էներգետիկ ներգրավվածությունը Մերձավոր Արևելքի խողովակաշարային քարտեզի վրա: Այս տեսակյունից Ռուսաստանի շահերը միանգամայն հակասում են Սաուդյան Արաբիայի և Քաթարի շահերին, որոնք նավթի և գազի հսկայական պաշարներ ունեն: Կա տեսակետ, համաձայն որի, այս պետությունները փորձում էին Սիրիայում տապալել Ասադի ռեժիմը, որպեսզի Սիրիայի տարածքով գազամուղ կառուցեին և Թուրքիայի միջոցով դուրս գային եվրոպական շուկա: Բնականաբար, իրողությունների նման զարգացումը բխում է Թուրքիայի շահերից, որը դառնում է դեպի Եվրոպա գազի տարանցման կենտրոնական օղակ, որտեղ հատվում են ինչպես Ռուսաստանից և Ադրբեջանից, այնպես էլ Մերձավոր Արևելքից եկող գազամուղերը:

Ռուսաստանը, որը Խորհրդային միության փլուզումից հետո փորձում է գերտերության իր կարգավիճակը վերականգնել ի հաշիվ էներգետիկ գործոնի, չէր ցանկանա, որպեսզի Եվրոպան նավթո-գազային այլընտրանք գտնի Մերձավոր Արևելքում, որը զգալիորեն կթուլացներ ռուսական գազից կախվածությունը: Դա նշանակում է ռուսական դիրքերի ուղղակի թուլացում և ազդեցության լծակների քչացում: Հաշվի առնելով այս հանգամանքները` պատահական չէ, որ Ռուսաստանը ռազմական միջամտություն է ցուցաբերում Սիրիայում: Բնականաբար, պատճառների շարքում կարևոր տեղ ունի ոչ միայն Իսլամական պետության դեմ պայքարը, այլև սեփական պետության շահերի պաշտպանությունը:

 Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում