Սարգիս Հովսեփյան. «Փյունիկի» ցույց տված արդյունքը բավարարում է ինձ
Նմանատիպ
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրի «Փյունիկ»-«Ալաշկերտ» (0:0) խաղից հետո թիմերի գլխավոր մարզիչներ Սարգիս Հովսեփյանը և Աբրահամ Խաշմանյանը պատասխանեցին լրագրողների հարցերին:
Աբրահամ Խաշմանյանի կարծիքով` թիմերը բավականին լավ հանդիպում են անցկացրել. «Հաշիվը դրա հետ կապ չունի. կարծում եմ` երկու թիմերն էլ լավ ֆուտբոլ խաղացին»:
Այն հարցին, թե արդյոք «Ալաշկերտի» հարձակվողները պասիվ չէին խաղի ընթացքում, մարզիչը տվեց հետևյալ պատասխանը. «Ընդհակառակը` չափից դուրս ակտիվ էին: Նորից եմ կրկնում` թիմերը լավ խաղացին»:
Աբրահամ Խաշմանյանն ընդգծեց, որ չնայած ձմեռային արձակուրդի են գնում առաջին հորիզոնականում` թիմը դեռ շատ անելիքներ ունի. «Անցած տուրից հետո եմ տվել գնահատականը, քանի որ երկրորդ շրջանը ավարտվեց: Այս խաղը, ըստ էության, երրորդ շրջանի առաջին խաղն էր: Լավ է, որ առաջին հորիզոնականը զբաղեցնելով ենք գնում, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում: Մենք բավականին մեծ աշխատանք ունենք անելու»:
Ինչ վերաբերվում է Թուրքիայում անցկացվող հավաքներից հրաժարվելուն` Աբրահամ Խաշմանյանը նշեց, որ «Ալաշկերտում» դեռ վերջնական որոշում չեն կայացրել. «Ըստ էության, ես չեմ որոշողը՝ որտեղ հավաք անցկացնել: Ինձ պետք է, որ դրանք կազմակերպվեն, իսկ թե որտեղ և ինչպես` իմ խնդիրը չէ: Միայն կարող եմ ասել, որ կսկսենք մարզվել դեկտեմբերի 17-ից»:
Ըստ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանի` հանդիպումը շատ լարված էր, քանի որ թիմերը հասկանում էին 3 միավորի կարևորությունը.
«Գիտակցելով խաղի կարևորությունը` պաշտպանությունում շատ ուշադիր էինք գործում: Ցավալի էր, որ գոլեր չկան. ֆուտբոլը գեղեցիկ չէ առանց գոլերի, բայց այսպիսի խաղերն էլ, որտեղ էմոցիա և ցանկություն կա, իրենց հետաքրքությունն ունեն:
Ինձ համար ավելի լավ կլիներ, եթե թիմերում հայ ֆուտբոլիստները գերակշռեին, իսկ ակումբի համար ավելի հեշտ է լեգիոներներ գնելով ուժեղացնել ակումբը: Ֆուտբոլիստներ աճեցնելն ավելի բարդ և երկարատև գործընթաց է: Լավ կլիներ` միքս լինիր:
Ունենալով պահեստայինների ոչ երկար նստարան և պատանի ֆուտբոլիստներ՝ ցույց տված արդյունքը բավարարում է ինձ: Ինչ վերաբերում է հավաքներին` դեռ ժամանակ չենք ունեցել քննարկելու»,- ասաց Սարգիս Հովսեփյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում