Մեր մանդատի մեջ չէր մտնում հետաքննել, թե ով է սկսել առաջինը և ով է պատասխանատու. Պոպով
Նմանատիպ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի մեջ չի մտել հետաքննել, թե ով է սկսել առաջինը և ով է պատասխանատու ԼՂ հակամարտության գոտում տեղի ունեցած ռազմական գործողությունների համար:
Այս մասին Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը` նկատելով, թե կողմերը մտադիր են պահպանել Մոսկվայում ձեռք բերված հրադադարը:
«Հիմնական խնդիրը կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելն է: Կա ըմբռնում, որ պետք է վերադառնալ քաղաքական քննարկումներին»,-նշեց նա` հավելելով, որ քննարկել են նաև կողմերի միջև վստահության վերականգնմանը վերադառնալու հարցերը: Համանախագահները քննարկումները կշարունակեն իրենց մայրաքաղաքներում, այնուհետև կհանդիպեն մեկ շաբաթից, դրանից հետո հնարավոր է, որ նորից այցելեն տարածաշրջան:
Իսկ այս պահին ըստ Պոպովի, կարևոր է զոհվածների մարմինների վերադարձը, որով զբաղվում է ԿԽՄԿ-ն, իսկ դրա կոորդինացիայով դեսպան Կասպշիկի գրասենյակը:
Լրագրողների հակադարձմանը` ամեն դեպքում ձեզ համար որոշե՞լ եք, թե ով է ռազմական բախումների նախաձեռնողը, ՄԽ ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոն կրկնեց ռուս գործընկերոջ ասածը` մեղավորին որոշելն իրենց մանդատի մեջ չի մտել:
«Ինչ վերաբերում է հետաքննության մեխանիզմներին, ապա մենք մի քանի տարի է դրա մասին խոսում ենք, որի ուղղությամբ կլինի մեր աշխատանքի շարունակությունը»,- եզրափակեց նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում