Հայաստանում կանցկացվի «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնը

ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանի» (Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոն) նախաձեռնությամբ՝ սեպտեմբերի 9-15-ը ՀՀ Լոռու, Շիրակի մարզերում և մայրաքաղաքում կանցկացվի «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային 11-րդ փառատոնը: Այս մասին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Փառատոնն այս տարի նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին: Այն նպատակ ունի նպաստելու Հայաստանի մարզերի, Արցախի և Ջավախքի մշակութային կյանքի աշխուժացմանը, ինչպես նաև ծառայելու մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակությանն ու ապագա քաղաքացու ձևավորմանը: Փառատոնին կմասնակցեն տիկնիկային թատրոններ՝ Արցախից և Հայաստանի տարբեր մարզերից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Իտալիայից, Հունգարիայից և այլ երկրներից:

Ավանդույթի համաձայն, փառատոնի մեկնարկը կտրվի ՀՀ Լոռու մարզի Դսեղ գյուղում, սեպտեմբերի 9-ին, ժամը 14:00-ին՝ Հ. Թումանյանի հուշարձանին ծաղկեդրման արարողությամբ: Դսեղում փառատոնի մասնակիցները կդիտեն Հ. Թումանյանի «Շունն ու կատուն» տիկնիկային ներկայացումը՝ նվիրված բալլադի 130-ամյակին:

Փառատոնի հանդիսավոր բացումը կկայանա սեպտեմբերի 10-ին, ժամը 14:00-ին, Գյումրի քաղաքի «Թռչունյան տուն» մանկատանը: Փառատոնի ծրագիրը ներառում է «Երեկոյան ակումբ», որի ընթացքում կկայանան ներկայացումների քննարկումներ, մտքերի փոխանակում, հանրահայտ տիկնիկային գործիչների կողմից կանցկացվեն «Տիկնիկները հանուն խաղաղության», «Տիկնիկային արվեստը և երեխաների ազատ ժամանցի կազմակերպումը», «Երջանիկ մանկություն՝ երջանիկ ապագա» և այլ թեմաներով՝ վարպետության դասեր: Փառատոնի շրջանակում կկազմակերպվեն նաև էքսկուրսիաներ, կցո? ?ցադրվեն տեսաֆիլմեր:

Սեպտեմբերի 7-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում՝ «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային 11-րդ փառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում են ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանը, «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստան» տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության նախագահ Արմեն Սաֆարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում