Երևանում փոփոխվել են միկրոավտոբուսային 23 երթուղիների համարներ

Մայրաքաղաքում նոր երթուղային ցանցի ներդրման աշխատանքների արդյունքում փոփոխվել են միկրոավտոբուսային 23 երթուղիների համարներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունից:

Երեւանի ներքաղաքային առանձին միկրոավտոբուսային երթուղիների համարների փոփոխությունը պայմանավորված է մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի շահագործումը բարելավելու, կառավարումն առավել արդյունավետ դարձնելու հանգամանքով: Երեւան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղեւորափոխադրումների երթուղային նոր ցանցի ներդրման աշխատանքների հետեւանքով նվազեցվել է միկրոավտոբուսային երթուղիների քանակը, որոնք փոխարինվել են նոր ավտոբուսային երթուղիներով, բացի այդ, 3 երթուղիներ ընդհանրապես հանվել են, որոնց փոխարեն գործում են զուգահեռ ուղեգծերով սպասարկող նոր երթուղիներ:

Ուղեւորներից շատերի մոտ նման փոփոխությունները դժգոհության պատճառ են հանդիսանում: Նոր ավտոբուսների դիմապակու վրա երկու թիվ է փակցված, ինչի հետեւանքով շատ հաճախ ուղեւորների մոտ շփոթմունք է առաջանում, ինչն էլ աշխատանքից կամ դասերից ուշանալու պատճառ է դառնում: Ուեւորներն էլ դժգոհում են, որ իրենք տեղյակ չեն պահվում նոր փոփոխությունների մասին:«Արմենպրես»-ի հարցին, թե որքանով են արդարացի ուղեւորների բողոքները, Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից պատասխանեցին, որ այդ բողոքներն անհիմն են եւ քաղաքացիները մշտապես տեղյակ են պահվում բոլոր փոփոխությունների մասին: «Ներքաղաքային տրանսպորի ոլորտում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվությունը տեղակայված է Երեւանի պաշտոնական համացանցային կայքում, ինչպես նաեւ այդ մասին բնակչությանը բազմաթիվ անգամ տեղյակ է պահվել տարբեր լրատվական միջոցներով»,-նշեցին վարչությունից:

Նոր ավտոբուսների դիմապակու վրա երկու համարի առկայությունը ժամանակավոր բնույթ է կրում: Առաջիկայում ներքաղաքային միկրոավտոբուսային երթուղիների համարների նոր փոփոխություններ չեն սպասվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում