Ա.Հովհաննիսյան. «Հայ զինվորների և հրամանատարների համար ծառայության ընթացքում պետք է ստեղծվի փոխադարձ վստահության մթնոլորտ»
Նմանատիպ
Հայ զինվորների եւ հրամանատարների համար ծառայության ընթացքում պետք է ստեղծվի փոխադարձ վստահության մթնոլորտ. ի սկզբանե զինվորը պետք է վստահի այն ղեկավարին, ում հետ երկու տարի շարունակ անմիջական առնչություն է ունենալու: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը’ խոսելով Զինված ուժերում սպա-հոգեբանների ներդրման նշանակության մասին:
Նա նկատեց, որ այդ վստահության ստեղծման առումով էական դեր կխաղա հենց սպա-հոգեբանների ինստիտուտը: «Սպա-հոգեբանների ներդրման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, ուշագրավն այն է, որ մենք այս հարցի շուրջ տարբեր քննարկումներ ենք ունենում, տարբեր ուղիներ ենք փնտրում համակարգի ներդրման համար’ գտնելու ամենաարդյունավետ ուղին»,- ասաց նա:
Հովհաննիսյանը համոզմունք հայտնեց, որ մի քանի տարուց հետո այս հարցը վերջնական լուծում կստանա: ՊՆ մամլո խոսնակի կարծիքով’ ապագա զորակոչիկների հետ համապատասխան աշխատանքներ պիտի տարվեն նաեւ մինչեւ բանակ գնալը:
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը կհամալրվեն հոգեբանության բնագավառում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձանցով, որոնց կշնորհվի սպայի կոչում: Փետրվարի 5-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքի նախագիծը:
«ՀՀ Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում կատարվելիք փոփոխությունների համաձայն’ զորամասերում նոր հաստիքներ են ներդրվելու’ գնդի սպա հոգեբանի եւ գումարտակի հրամանատարի հրետանու գծով օգնականի։ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի համոզմամբ’ եթե քաղաքացիական կյանքում հոգեբանի մասնագիտական աջակցությունը մեծ դեր ունի, ապա այն էլ ավելի կարեւոր է զինծառայողների դեպքում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում