Բրազիլիան մտավ ԱԱ-2018-ի եզրափակիչ փուլ, Արգենտինան պարտվեց, այլ արդյունքներ (տեսանյութեր)
Նմանատիպ
Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի հարավամերիկյան գոտում կայացել են 14-րդ տուրի հանդիպումները:
Բրազիլիայի հավաքականը սեփական հարկի տակ 3:0 հաշվով պարտության է մատնել Պարագվայի ընտրանուն: «Սելեսաոն» երեք գեղեցիկ գոլ է խփել: Առաջին կեսում հիանալի կոմբինացիայից հետո հաշիվը բացել է Կոուտինյոն: Երկրորդ կեսում Նեյմարը չի իրացրել 11-մետրանոց հարվածը, սակայն քիչ անց սեփական կիսադաշտում տիրել է գնդակին, շրջանցել մրցակցի 4 խաղացողի և անդրադարձի օգնությամբ գրավել դարպասը: Երրորդ գնդակը հեղինակել է Մարսելոն:
Տիտեի թիմը վաստակել է 33 միավոր և բոլոր ընտրական փուլերի մասնակիցներից առաջինն է ապահովել ԱԱ-2018-ի եզրափակիչ փուլի ուղեգիրը:
Արգենտինայի հավաքականը, որը հանդես էր գալիս առանց որակազրկված Լիոնել Մեսսիի, արտագնա խաղում 0:2 հավով զիջել է Բոլիվիային: «Ալբիսելեստեն» առանց իր առաջատարի դժգույն խաղ է ցուցադրել և մրցաշարային աղյուսակում նահանջել է 5-րդ հորիզոնական:
Կարևոր հաղթանակ է տոնել Կոլումբիան, որը արտագնա մրցավեճում Խամես Ռոդրիգեսի ու Խուան Կուադրադոյի խփած գնդակների շնորհիվ 2:0 հաշվով առավելության է հասել Էկվադորի նկատմամբ: Կոլումբացիները բարձրացել են երկրորդ հորիզոնական:
ԱԱ-2018, ընտրական փուլ
Հարավային Ամերիկա, 14-րդ տուր
Բրազիլիա – Պարագվայ` 3:0
Գոլերը. Կոուտինյո (34), Նեյմար (64), Մարսելո (86)
Բոլիվիա – Արգենտինա` 2:0
Գոլերը. Արսե (31), Մորենո (52)
Էկվադոր – Կոլումբիա` 0:2
Գոլերը. Խամես Ռոդրիգես (20), Կուադրադո (34)
Չիլի – Վենեսուելա` 3:1
Գոլերը. Ալեքսիս Սանչես (5), Էստեբան Պարեդես (7, 22) – Ռոնդոն (63)
Պերու – Ուրուգվայ` 2:1
Գոլերը. Գերեյրո (34), Ֆլորես (62) – Կ. Սանչես (30)