«Լեոն»՝ ֆուտզալի Հայաստանի չեմպիոն (տեսանյութ)
Նմանատիպ
Մայիսի 25-ին «Դինամո» մարզադահլիճում կայացավ ֆուտզալի Հայաստանի առաջնության եզրափակիչ երրորդ հանդիպումը «Լեոյի» և «Չարբախի» միջև,- տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հաշիվը բացեցին «Չարբախի» ֆուտբոլիստները, սակայն առաջին խաղակեսի ընթացքում «Լեոն» կարողացավ 5 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Խաղակեսի վերջում չարբախցիները կարողացան պատասխանել միայն մեկով: Առաջին խաղակեսն ավարտվեց 5:2 հաշվով՝ հօգուտ «Լեոյի»:
Երկրորդ կեսում ամեն ինչ փոխվեց, և արդեն «Չարբախի» ֆուտբոլիստները տիրեցին նախաձեռնությանը: Չարբախցիները կարողացան 5 անգամ անընդմեջ գրավել մրցակցի դարպասը՝ հաշիվը դարձնելով 5:7: «Լեոյի» մարզիչները դարպասապահի փոխարեն խաղադաշտ դուրս բերեցին 5-րդ խաղացողի, որի շնորհիվ էլ հանդիպման վերջին րոպեներին կարողացան փրկել խաղը:
Այսպիսով, խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 7:7 հաշվով: Հետխաղյա 6-մետրանոցներով «Լեոն» հաղթեց 3:2 հաշվով և իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն:
Խաղից հետո կայացավ նաև «Լեո» ակումբի պարգևատրման արարողությունը: Չեմպիոնական գավաթը նորընծա չեմպիոններին ավագ Գեղամ Մարտիրոսյանին հանձնեց ՀՖՖ Գործկոմի անդամ, ՀՖՖ ֆուտզալի և կանանց ֆուտբոլի կոմիտեի նախագահ Սուքիաս Ավետիսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում