Հայաստանում Հնդկաստանի դեսպանը բարձր է գնահատում երկու երկրների հարաբերությունների ներկա մակարդակը
Նմանատիպ
Հայաստան-Հնդկաստան հարաբերությունները մշակութային, քաղաքական և տնտեսական ոլորտներում շատ բարձր մակարդակի վրա են։
«Արմենպրես»-ի հետ զրույցում նման գնահատական տվեց Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության դեսպան Յոգեշվար Սանգվանը։
«Մշակութային հարաբերությունները հիանալի են ընթանում։ Ինչպես նաև քաղաքական հարաբերությունները կցանկանամ առանձնացնել։ Վերջերս՝ ապրիլի 24-26-ը, մեր վարչապետը այցելեց Հայաստան։ Այցի ժամանակ նա հանդիպել էր ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԳ նախարարի հետ։ Նա նաև Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հետ էր հանդիպել»,– նշեց դեսպանը։
Տնտեսական հարաբերությունները, դեսպան Սանգվանի խոսքով, զարգացման մեծ ներուժ ունեն: Այս առումով աշխատանքի հիմնական ուղղությունը միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ակտիվացումն է։ «Այժմ Հնդկաստանն ուսումնասիրում է Եվրասիական տնտեսական միության հետ համաձայնագիր կնքելու հարցը, որի անդամ է Հայաստանը։ Եթե համաձայնագիրը ստորագրվի, կարծում եմ մեր երկրների միջև ավելի լավ տնտեսական հարաբերություններ կլինեն»,- ընդգծեց ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը։
Յոգեշվար Սանգվանը շատ բարձր գնահատեց, ընդհանուր առմամբ, Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների ներկա մակարդակը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում