Գյուլբուդաղյանց. Միայն նման փորձություններից հետո են իսկական ֆուտբոլիստ դառնում
Նմանատիպ
Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Փյունիկ» – «Սլովան» հանդիպումից առաջ երևանցիների գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը մամուլի ասուլիս տվեց։
Սպասելիքները
«Մենք ունենք պատվախնդիր ֆուտբոլիստներ, որոնց մեծ փորձություն է սպասվում: Հավատում եմ, որ տղաները մեծ նվիրումով կխաղան, կամք կցուցաբերեն, բնավորություն, խաղային բարձր կարգապահություն և դրա շնորհիվ լավ արդյունքի կհասնենք»:
«Փյունիկի» նախապատրաստությունն ու ֆունկցիոնալ վիճակը
«Թիմն արձակուրդի մեջ էր, ամսի 18-ից սկսեցինք ամբողջ թիմով մարզվել: Մեզ միացան երիտասարդական հավաքականի 6-7 ֆուտբոլիստ: Արդեն տասը օր է՝ մարզվում ենք: Դա քիչ է լավ մարզավիճակ հավաքելու համար, սակայն համապատասխան ջանք ու նվիրվածություն ցուցաբերելու դեպքում դրական արդյունքի կհասնենք: Հավատում եմ դրան»:
«Սլովանի» մասին
«Վիճակահանությունից անմիջապես հետո սկսեցինք մրցակցի մասին տեղեկություն հավաքել: Երեք օր առաջ ընկերական խաղ են ունեցել, որը վերլուծել ենք: Հարձակվողական ոճի թիմ է, ունի ընդգծված առաջատարներ»:
Հնարավորությունները
«Հնարավորությունների մասին չէի ուզենա խոսել։ Դրա փոխարեն կնշեի, որ մեր խաղացողների համար սա իսկական փորձություն է: Միայն նման փորձությունների միջով անցնելուց հետո կարող են իսկական ֆուտբոլիստ դառնալ: Հավատում եմ իմ թիմին»:
Նորեկներ
«Նորեկներից միայն Վլադիմիր Բաբայանն է, ով փոքր վնասվածք ունի, այդ պատճառով նրան չենք հայտավորել: Ինչպես գիտեք, ես մարզական տնօրենն էի, հետո մեր մարզիչ Արտակ Օսեյանին այլ աշխատանք առաջարկեցին, որը նա ընդունեց, այդ պատճառով ես ստիպված ստանձնեցի թիմի ղեկը: Նորեկների հարցով զրուցեցինք ակումբի սեփականատեր Արթուր Սողոմանյանի հետ: Փորձեցինք կարճ ժամանակում ինչ-որ քայլեր ձեռնարկել, սակայն հետո հասկացանք, որ «փակ աչքերով» պետք չէ ֆուտբոլիստ հրավիրել: Բացի այդ, ներկայիս կազմի տղաները վաստակել են այս խաղին մասնակցելու իրավունքը»:
Վնասվածքներ
«Վնասվածք ունեն Էրիկ Պետրոսյանը, Արթուր Նադիրյանը և Վահագն Հայրապետյանը: Նրանք վաղը խաղադաշտ դուրս չեն գա»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում