«Ալաշկերտն» գործընկերություն է սկսում բրազիլական գրանդ ակումբների հետ
Նմանատիպ
Այս օրերին Ռիո դե Ժանեյրոյում գտնվող «Ալաշկերտի» ղեկավարությունը հանդիպել է բրազիլական հեղինակավոր ակումբի` Ա Սերիայում հանդես եկող «Ֆլումինենսեի» ղեկավարության հետ: Այդ մասին գրում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
«Ալաշկերտի» հիմնադիր-նախագահ Բագրատ Նավոյանը և սպորտային տնօրեն Կիմ Առաքելյանը ծանոթացել են բրազիլական ակումբի ենթակառուցվածքներին և հարուստ պատմությանը, եղել են ակումբի թանգարանում և մարզադաշտում, ապա հանդիպել «Ֆլումինենսեի» փոխնախագահ, ակումբի ֆուտբոլային նախագծերի համակարգող Մարսել Ջանեկինիի հետ:
Հանդիպման ընթացքում երկու ակումբների ղեկավարները մանրամասն քննարկել են համագործակցության կետերը և համաձայնության եկել համատեղ ծրագրերի շուրջ:
Սպասվում է, որ արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Հայաստանի չեմպիոնին վարձակալական հիմունքներով կմիանան երիտասարդ և հեռանկարային ֆուտբոլիստներ Ռիո դե Ժանյերոն ներկայացնող ակումբից:
Երկու օր առաջ «Ալաշկերտը» նմանատիպ համաձայնագիր է ստորագրել «Բոտաֆոգոյի» հետ: Հավանական է, որ հունվարի 15-ից «Ալաշկերտը» 15-օրյա ուսումնամարզական հավաք անցկացնի «Բոտաֆոգոյի» մարզաբազայում, որի ընթացքում երևանյան թիմին կմիանան բրազիլացի ֆուտբոլիստներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում