Հայաստան-Արցախ-Սփյուռք. բոլորիս քայլերը համատեղելի էին 2017-ին, բայց դեռ աշխատելու շատ տեղ կա
Նմանատիպ
Արցախի համար 2017 թվականը համեմատաբար ավելի հանգիստ տարի էր. Tert.am-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Նա նկատեց, որ վերջին մի քանի տարիների ընթացքում՝ մինչև 2017 թ. իրավիճակը Արցախի սահմաններում ավելի բարդ էր:
«2017 թվականը համեմատաբար խաղաղ անցավ, և չնայած դրան, քրտնաջան աշխատանքի տարի էր և՛ Արցախի, և՛ համայն հայության համար»,- նշեց նա:
Դավիթ Բաբայանի խոսքով՝ բարենորոգումներ իրականացվեցին բոլոր, առաջին հերթին՝ բանակաշինության ոլորտում: «Լրիվ նոր որակ է ստացվել սահմանին՝ պաշտպանական համակարգի արդիականացման շնորհիվ: Հիմա նույնիսկ անզեն աչքով երևում են բարեփոխումները՝ սկսած 2016 թվականից»,- ասաց նա:
Դավիթ Բաբայանի խոսքով՝ 2017-ը առանձնահատուկ էր Արցախի համար միջազգային հանրության կողմից ճանաչման առումով:
«ԱՄՆ-ի Միչիգան նահանգը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը: Հաշվի առնելով Միչիգանի տեղն ու դերը ԱՄՆ-ում՝ պետք է այդ գործընթացը շատ կարևոր համարել: Քույր քաղաքների պայմանագրեր ստորագրվեցին Արցախի և այլ երկրների քաղաքների՝ ինչպես օրինակ Բերձորի և Արֆորվիլի միջև»,- ասաց նա:
Հետահայաց նետելով միջազգային հարթակներում Ադրբեջանի կողմից նախաձեռնած՝ Արցախին վերաբերող քայլերին՝ Բաբայանը նկատեց, որ դրանք ձախողվեցին:
«Դրանք տապալվեցին նաև ի շնորհիվ Հայաստանի Հանրապետության, մեր սփյուռքի ջանքերի, ընդհանրապես պարկեշտ մարդկանց շնորհիվ, որովհետև Ադրբեջանի հանցավոր գործողությունների դեմ նաև նրանք պետք է պայքարեն: Տեսանք, թե ինչ ճակատագրի արժանացան Ադրբեջանին սատարող, կոռուպցիոն սկանդալների մեջ հայտնված Ագրամունտը և այլ գործիչներ: Ստիպված նրանք հրաժարական տվեցին: Ճիշտ է, ավելի կոշտ արձագանքի էինք սպասում, Ագրամունտը, օրինակ, ոչ թե պետք է հրաժարական տար, այլ բանտ նստեր: Դրա հերթն էլ կգա»,- նշեց նա:
Դավիթ Բաբայանը նկատեց, որ մեր համատեղ, միասնական աշխատանքի, ջանքերի շնորհիվ ամեն բան հնարավոր դարձավ: «Հայաստան-Արցախ-Սփյուռք. բոլորիս քայլերը համատեղելի էին 2017-ին, բայց դեռ աշխատելու շատ տեղ կա: Միշտ էլ դա կլինի, նոր մարտահրավերներ, նոր զարգացումներ են լինում»,- նկատեց նա:
Անդրադառնալով արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին՝ նա նշեց, որ անցած տարում կարևոր էին կողմերի միջև տարբեր մակարդակներում հանդիպումները:
«2016 թվականին չորս-հինգ օրով առհասարակ խաղաղ գործընթացը տապալվեց: Պետք էր ամեն ինչ անել, որ բանակցային գործընթացը վենականգնվի և վերսկսվի: Դրա համար 2017 թվականին տեսանք այդ վերականգմանն ուղղված քայլեր, հանդիպումները դրա վառ վկայությունն են: Հասկանալի է, որ նման հանդիպումները և՛ բանակցային գործընթացի շարունակականության ապահովումն են, և՛ կայունության և խաղաղության պահպանումն են տարածաշրջանում, որովհետև դա էլ ինքնին կարևոր բան էր»,- ասաց նա:
Դավիթ Բաբայանը նաև մատնանշեց, որ 2017-ին ականատես դարձանք մի շարք այլ ՝ Կատալոնիայի, Երուսաղեմի իրադարձություններին, տեսանք, որ սրվում է իրավիճակն այդ տարածաշրջաններում, Արևելյան Ուկրաինայում, Ասիայում և այլն: Ըստ այդմ, Դավիթ Բաբայանի խոսքով, մեր տարածաշրջանում կայունություն պետք է լինի:
«Հաշվի առնելով, որ աշխարհաքաղաքական թեժացումները հեռանում են մեր տարածաշրջանից՝ կարելի է գուշակել, որ որևէ խաղացողի համար մեր տարածաշրջանում նոր պոռթկում ձեռնտու չի լինի»,- նշեց նա:
2018 թվականի համար Արցախը նոր ծրագրեր մշակել է: Դրանց մասին հիմա բարձրաձայնելը, ըստ Դավիթ Բաբայանի, ճիշտ չի լինի: «Զարգացումներ են սպասվում երկկողմ հարաբերությունների հարթությունում, Արցախը ճանաչելի դարձնելու ուղղությամբ շատ աշխատանք է տարվելու, աշխատանքները շարունակվելու են նաև բանակաշինության, անվտանգության ուղղությամբ»,- ասաց նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում