Նախնական տվյալներ. Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան

Նախնական տվյալներ. Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, Aysor.am: Հնդկաստանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի տեղեկություններով, Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան։

Ինչպես Aysor.am-ի թղթակցին հայտնեցին հյուպատոսական բաժնից, Շրի Լանկայում մշտական ներկայացուցչություն չունենալու պատճառով տեղեկությունները դեռևս ճշտվում են, սակայն այս պահին եղած տվյալների համաձայն՝ կաթոլիկ եկեղեցում երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով Հայաստանի քաղաքացիներ չեն տուժել։

Հիշեցնենք, որ երեկ Շրի Լանկայի եկեղեցիներում, Կոլոմբոյի հյուրանոցներում և երկրի այլ հատվածներում որոտացել է 8 պայթյուն: Նախնական տվյալով՝ զոհերի թիվը հասել է 290-ի, մոտ 500-ը վիրավորվել է: Դրանց թվում են 35 երկրի քաղաքացիներ, այդ թվում՝ Դանիայի, Ճապոնիայի, Պակիստանի, Մարոկկոյի, Հնդկաստանի, Բանգլադեշի, Չինաստանի, Նիդեռլանդների, ԱՄՆ-ի, Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի:

Ըստ իրավապահ մարմինների՝ դրանցում ներգրավված է եղել առնվազն յոթ մահապարտ-ահաբեկիչ: Հարձակման գլխավոր թիրախը տեղի քրիստոնյաներն են եղել: Ոստիկանությունը ձերբակալել է 24 կասկածյալի: Բացի այդ, հայտնաբերվել է բեռնատար, որը կարող էին օգտագործել հանցագործները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում