Փաշինյանն ու Եվրոպան, կարծես թե, սկսել են հասկանալ միմյանց. փորձագետ

Փաշինյանն ու Եվրոպան, կարծես թե, սկսել են հասկանալ միմյանց. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Շանթնյուզին» տված հարցազրույցում հայտնել է, որ միջազգային հանրությունն ամբողջովին աջակցում է Հայաստանում ժողովրդի վստահությունը վայելող դատական համակարգ ունենալու մեր օրակարգին: Ավելի վաղ Հայաստանի դատաիրավական համակարգում բարեփոխումների օրակարգին անդրադարձել էր Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը Նիկոլ Փաշինյանին հղած իր նամակում, արդարադատության ոլորտի բարեփոխումներին անդրադարձ կար նաև հունիսի 13-ին կայացած Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության խորհրդի երկրորդ նիստի արդյունքներով արված համատեղ մամուլի հայտարարությունում:

Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին եվրոպական կառույցների արձագանքի մասին զրուցել ենք «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Հասմիկ Վարդանյանի հետ:

«Ե´վ Յագլանդի նամակում, և´ համատեղ հայտարարությունում նշվում է դատական բարեփոխումների ՀՀ իշխանությունների օրակարգին աջակցության մասին, ընդգծվում է, որ այդ բարեփոխումները պետք է իրականացվեն Հայաստանի Սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան: Նկատենք, որ և´ նամակում, և´ հայտարարությունում չի խոսվում ոչ անցումային արդարադատության և ոչ էլ վեթինգի մասին, որի անհրաժեշտության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է:

Օրինակ` արդարադատության ոլորտում բարեփումների վերաբերյալ Հայաստանի իշխանությունների հետ Եվրոպայի խորհրդի պատվիրակության ունեցած քննարկումներից հետո Յագլանդն իր նամակում նշում է բարեփոխումների ռազմավարության անհրաժեշտության մասին, որը կարող է կառուցվել երեք հենասյուների վրա` կոռուպցիայի դեմ պայքար, դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացում, մարդու իրավունքների խախտումների շտկում: Ոչ մի խոսք Հայաստանում վեթինգի անհրաժեշտության մասին», – նշեց փորձագետը:

Փորձագետի խոսքով` թեև ԵՄ-ն աջակցել է Ալբանիայում վեթինգի կիրառմանը (երկրի տարածքում մարդու օրգանների վաճառքի, թրաֆիքինգի, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար)` Եվրոպայում զգուշությամբ են վերաբերում այդ գործիքի կիրառմանը` հատկապես նորմալ պայմաններում: «Մասնավորապես Վենետիկի հանձնաժողովն առանձնացնում է դատական համակարգում մեծ լարվածության առաջացման, դատական իշխանության նկատմամբ հասարակության անվստահության մեծացման, գործընթացը վերահսկող քաղաքական ուժի կողմից դատական իշխանության զավթման ռիսկերի մասին: Թեև Հայաստանում դատաիրավական համակարգի նկատմամբ վստահության հարց կա, և դա չի հերքում այդ թվում ընդդիմությունը, սակայն մենք ակնհայտորեն չունենք այն իրավիճակը, որի դեպքում վեթինգն ու անցումային արդարադատությունն այլընտրանք չունեն: Այս հարցում, կարծես թե, Փաշինյանն ու Եվրոպան սկսել են հասկանալ միմյանց», – նշեց Հասմիկ Վարդանյանն ` ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Փաշինյանը «Շանթնյուզին» տված հարցազրույցում կարծես թե այլևս չի խոսում անցումային արդարադատության և վեթինգի ներդրման կենսական անհրաժեշտության մասին` պնդելով, որ կարևորը վստահելի դատական համակարգ ունենալն է, իսկ «վեթինգ-ոչ վեթինգ, դրանք ուղղակի գործիքներ են»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում