Եթե ոչ ԵՊՀ-ում, ապա որտե՞ղ

Եթե ոչ ԵՊՀ-ում, ապա որտե՞ղ

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: ԵՊՀ-ն վերջերս հայտնվեց հանրային ուշադրության կենտրոնում: Պատճառը Գիտական խորհրդի արտահերթ նիստի նախաձեռնությունն էր, որը տապալվեց՝ օրակարգի չհաստատվելու պատճառով: Այլ կերպ ասած, համալսարանում մերժվեց քննարկման հնարավորությունը:

Տեղի ունեցածը անհրաժեշտ է լայն համատեքստում դիտարկել մի քանի պատճառներով: Նախ, համալսարանը, բացի ուսումնական հաստատություն լինելուց, հասարակության զարգացման և առաջընթացի կարևորագույն լոկոմոտիվ է: Երկրորդ, համալսարանը հասարակության մտավոր դարբնոցն է, և հենց այնտեղ է կուտակված մտավոր վերնախավը: Եվ երրորդ, ԵՊՀ-ն հայկական այն եզակի կառույցներից է, որը հարյուրամյա ճանապարհ է անցել և ապահովում է հայաստանյան բարձրագույն կրթության առյուծի բաժինը: Ուստի օրինաչափ է, որ ԵՊՀ-ում տեղի ունեցողը քննարկվի նաև հասարակական լայն շրջանակների կողմից, և խնդիրները չդիտարկվեն միայն ներհամալսարանական համատեքստում:

Թողնելով մի կողմ բուն միջադեպը՝ ցանկանում եմ անդրադառնալ համալսարանական զարգացման մի կարևոր նախապայմանի՝ որոշումների կաjացման ներառականությանը, որով ապահովվում է ապագայի մասին պատկերացումների ամբողջ «զինանոցը»:

ԵՊՀ-ի կառավարմանը փոքր ինչ ծանոթ մարդիկ կփաստեն, որ անցյալում կառավարիչները (տարբեր մակարդակներում) հաճախ նախընտրել են կառավարման ուղղաձիգ-հրամայական ձևը: Սա ունի թե՛ սուբյեկտիվ, թե՛ օբյեկտիվ պատճառներ: Հաճախ այն արդարացվում էր, քանի որ որոշումները այդպես արագ էին կայացվում: Սակայն ուղղաձիգ-հրամայական կառավարումը ունի մեծագույն թերություն` ներառականության բացակայութունը, կամ «ներքևինների» խոսքը չլսելը: Ուղղաձիգ կառավարման դեպքում «ներքևինները» որոշումների կայացման օբյեկտն են, բայց երբ ուղղաձիգից անցում է կատարվում ներառականին, ներքևինները սկսում են մանակցել որոշումների կայացմանը և դրանց իրականացման արդյունավետության համար դառնում են կարևոր գործոն:

Քննարկումը հենց ներառականությունը ապահովելու գործիքներից է: Քննարկման արդյունքում վեր են հանվում հնարավոր բոլոր տեսակետները, և որոշումները առավել արդյունավետ են դառնում: Համալսարանը հենց քննարման վայր է ու ոչ միայն ներքին խնդիրների վերաբերյալ, այլ ազգային, հասարակական և ինչու ոչ նաև գլոբալ հարցերի: Սակայն սա հնարավոր չէ իրականացնել միայն կանոնադրային պահանջներով: Օրինակ, ԵՊՀ-ն ունի բոլոր ինստիտուցիոնալ եղանակները, որոնք ուսանողներին թույլ են տալիս մասնակցել որոշումների կայացմանը և քննարկումներ ծավալել տարբեր թեմաներով: Սակայն փորձը ցույց է տալիս, որ կանոններ սահմանելը միայն գործի կեսն է:

Կանոնադրությունները և ընթացակարգերը հաստատում են միայն մարդկանց գործելու շրջանակները, բայց ոչ նրանց մտքի և գործելու փիլիսոփայությունը կամ հորիզոնը: Վերջիններս ավելի խորն են և դուրս են իրավական կատեգորիաներից: Դրանք ամբողջանում են ապագայի մասին պատկերացումներով: ԵՊՀ-ի գիտխորհրդի նիստի ընթացքում կողմերի միջև կային ներկայի և ապագայի մասին տարբեր պատկերացումներ: Կանոնակարգերը այս անգամ խանգարեցին ազատ քննարկմանը, այս դեպքում` տարբեր պատկերացումների մրցակցությանը: Մինչդեռ, որտե՞ղ, եթե ոչ համալսարանում, պետք է լինի այդ մրցակցությունը: և հասարակական խնդիրների լուծումները:

Համալսարանը պետք է լինի մտքերի, գաղափարների, տեսլականների մրցակցության հարթակ, իսկ հասարակությունը, և առավել ևս պետությունը, պետք է ուշի-ուշով հետևի այդ գործընթացին: Քանզի, եթե երկրի մտավոր էլիտան չունի քննարկելու և բանավիճելու մշակույթ, ապա հուսալ, որ դա կանեն այլոք, փոքր ինչ անհեռատեսական է:

Հովսեփ ԲԱԲԱՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում