ԱՄՆ կոնգրեսականները պատժամիջոցներ են պատրաստում Թուրքիայի նկատմամբ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մոտ 30 կոնգրեսական՝ Հանրապետական կուսակցությունից, պատժամիջոցներ է նախապատրաստում Թուրքիայի դեմ՝ Սիրիայի հյուսիսում ընթացող ռազմական գործողությունների առնչությամբ: Պատժամիջոցների համար լրացուցիչ պատճառն Անկարայի համագործակցությունն է Մոսկվայի հետ, ասված է նախագծի հեղինակներից Լիզ Չեյնիի հայտարարության մեջ, հաղորդում է РИА Новости-ն:
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա ռեժիմը պետք է պատասխանատվություն կրեն Սիրիայի հյուսիսում մեր քուրդ դաշնակիցների վրա հարձակման համար»,– նշել է Լիզ Չեյնին, որը ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիկ Չեյնիի դուստրն է:
«Պատժամիջոցները Սիրիայի հյուսիսում Էրդողանի ռեժիմի բռնի հարձակումների պատասխանը չեն միայն: Կոնգրեսը վաղուց մտավախություն ունի, որ թուրքական իշխանությունները գործակցում են ԱՄՆ-ի հակառակորդների հետ, մասնավորապես՝ Ռուսաստանի: Եթե Թուրքիան չի ուզում, որ իր հետ վարվեն այնպես, ինչպես իր դաշնակցի հետ, ապա պետք է իրեն պատշաճ պահի: Նրանք պետք է պատժվեն՝ մեր քուրդ դաշնակիցների վրա հարձակվելու համար»,- ասել է կոնգրեսականը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում