ԱԱԾ աշխատակիցները պարտավոր են ձևացնել, թե լուրջ են ընկալում. Հրանտ Մելիք-Շահնազարյան

ԱԱԾ աշխատակիցները պարտավոր են ձևացնել, թե լուրջ են ընկալում. Հրանտ Մելիք-Շահնազարյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Առողջ տրամաբանություն ունեցող մարդը դժվար կարողանա հասկանալ Փաշինյանի նման գնահատականներն ու հանձնարարականները։ Միայն համբերություն կարող եմ մաղթել ԱԱԾ-ի աշխատակիցներին։ Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ի օպերատիվ-հետախուզական միջոցառումներին, որոնք իրականացվում են 2019 թվականի նոյեմբերի 14-ից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով առ այն, որ պետք է պարզել որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները։

«Հասկանում եմ, որ ծառայություն է, նրանք պարտավոր են իրենց ծառայությունն իրականացնել, նաև պարտավոր են ձևացնել, թե լուրջ են ընկալում վարչապետի հանձնարարականները»,- նշեց քաղաքագետը և հավելեց՝ տեղեկացել է, որ ԱԱԾ-ն աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ, որը, ըստ նրա, անլուրջ է։

«Հայաստանում երբեք նման անլուրջ կառավարություն չի եղել, որքան այս կառավարությունն է։ Սատանայի հետ համագործակցություն բացահայտելու հանձնարարականը անլուրջ է, սակայն արդեն ոչ մեկին այն չի զարմացնում, քանի որ նման հայտարարություններն այս կառավարության կողմից շատ են»,- նշեց նա։

Քաղաքագետի խոսքով՝ անլուրջ և տարօրինակ էր նաև այսօր Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի երկար ելույթը զուգարանի «կուլտուրայի» և գործարարներին սնանկացնելու մասին, ինչպես նաև նախորդ ելույթներից, օրինակ՝ խոզի բդի մասին քննարկումները։ Ըստ քաղաքագետի՝ այսօր կառավարությունն անմտության մակարդակում է։

«Մարդիկ սկսում են լուրջ չընդունել վարչապետի խոսքերն ու հանձնարարությունները։ Ես իսկապես չեմ կարող մեկնաբանել իր քայլերի տրամաբանությունը։ Մի քանի անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ այդ մարդուն հոգեբույժ է պետք, կարծում եմ՝ մեկնաբանություն կարող են տալ միայն այդ խնդրով զբաղվող մասնագետները»,- ասաց Մելիք-Շահնազարյանը։

Հարցին, թե արդյոք սատանաներ ասելով՝ Նիկոլ Փաշինյանը նախկին իշխանության որոշ ներկայացուցիչների՞ն նկատի ունի, քաղաքագետը պատասխանեց, որ եթե նա նախկին իշխանությանը նկատի ունենար, այդպես էլ կասեր և հանգիստ անուններ կնշեր։

«Չեմ բացառում, որ վարչապետը հետապնդման ֆոբիա ունի, թե իրոք նրան սատանաներ են հետապնդում։ Հնարավոր է՝ սատանա ասելով՝ նա իսկապես կոտոշներով, պոչով, սև հագուստով էակների նկատի ունի, որոնց տեսնում է և մտածում է, թե իրական են։ Հոգեբանական խնդիրներով զբաղվող մասնագետներ են պետք, ինչքան շուտ, այդքան պետության համար լավ»,– ամփոփեց քաղաքագետը։

Հիշեցնենք, որ 2019 թվականի նոյեմբերի 14-ին Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ԱԱԾ-ին հանձնարարական է տվել՝ պարզելու որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները։

«Առանց կատակի, ես էդպիսի հանձնարարական տվել եմ: Ծիծաղում եք, բայց, իրոք, եթե կա պնդում, դա անվտանգության խնդիր է»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում