Չեխիայում գրիպի հետևանքով 12 մարդ է մահացել

Չեխիայում գրիպի հետևանքով 12 մարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Չեխիայի տարածքում գրիպի համաճարակ է տարածվել, ամեն 100 000 քաղաքացուց 1865-ը հիվանդ են, հիվանդության պատճառով արդեն 12 մարդ է մահացել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Չեխիայի հիգիենիկ ծառայության ղեկավար Էվա Գոտվալդովային:

«Պետական առողջապահական ինստիտուտի տւվյալներով գրիպի համաճարակը տարածված է ամբողջ հանրապետության տարածքով: Հիմնականում գերակշռում է A տիպի գրիպը: Ամեն 100 000 քաղաքացուց 1865-ը գրանցված է որպես հիվանդ, այդ թվում երեխաներ և ծերեր: Գրիպի խորացման պատճառով մահացել է արդեն 12 մարդ: Անցյալ շաբաթվա տվյալների համեմատ հիմա հիվանդների թիվը եռապատկվել է»,- տեղեկացրել է Գոտվալդովան:

Հիգիենայի ծառայության ղեկավարը խնդրանքով դիմել է քաղաքացիներին`կոչ անելով հիվանդության ախտանշաններ ունենալու դեպքում տնից դուրս չգալ, որպեսզի վարակը չտարածվի:

«Քաղաքացիներին խնդրում եմ այս օրերին խուսափել բազմամարդ վայրերից, հաճախակի լվանալ ձեռքերը, սննդի մեջ ավելի շատ օգտագործել վիտամիններ»,- ասել է Գոտվալդովան:

Գրիպի համաճարակի պատճառով Չեխիայի շատ հիվանդանոցներում արգելված է հոսպիտալացված անձանց այցելություններ կատարել, փակ են մի շարք մանկական հաստատություններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում