Իշխանությունները պետք է վերանայեն ՍԴ-ի հետ կապված իրենց գործելաոճը. փորձագետ

Իշխանությունները պետք է վերանայեն ՍԴ-ի հետ կապված իրենց գործելաոճը. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: ԵԽԽՎ հայտարարությունը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀՀ իշխանություններին ուղղված նախազգուշացում էր, կոչ վերանայելու ներկայիս գործելաոճը: Մեզ հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Հասմիկ Վարդանյանը: 

«Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների հայտարարությունում թեև Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված լարվածությունը թուլացնելու կոչերն ուղղված են երկու կողմին էլ, սակայն հայտարարության գլխավոր հասցեատերը գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչներն են», – նշում է Հասմիկ Վարդանյանը:

Փորձագետի խոսքով՝ ՀՀ իշխանությունների հավաստիացումները, որ իրենց գործողությունները որևէ կերպ ճնշում չեն դատական իշխանության՝ տվյալ դեպքում Սահմանադրական դատարանի վրա, ԵԽԽՎ համազեկուցողների համար հիմնավոր չեն հնչում: «Հայտարարությունում համազեկուցողները քաղաքական գործիչներին կոչ են անում զերծ մնալ հայտարարութուններից և գործողություններից, որոնք կարող են դիտարկվել որպես ճնշում դատական համակարգի վրա՝ անուղղակիորեն հաստատելով դրանց առկայությունը: Հայտարարությունում ընդգծվում է նաև անմեղության կանխավարկածը հարգելու կարևորությունը: Մի բան, որը ՍԴ հետ կապված հայտարարություններում հաճախ են մոռանում գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչները», – նշում է Վարդանյանը:

Չնայած հայտարարությանը իշխանության ներկայացուցիչների զավեշտալի արձագանքին՝ փարձագետը հույս է հայտնում, որ ԵԽԽՎ-ի այս ուղերձն այնուամենայնիվ կընդունվի իշխանությունների կողմից: «Գործող իշխանությունները փորձում են ամեն կերպ ցույց տալ, որ իրենք նախորդներից ավելի ժողովրդավար են: Միջազգային հանրության կողմից իրենց գործողություններին նման գնահատակը կարող է որոշակիորեն զգոնացնել, հակառակ դեպքում կունենանք շատ ավելի կոշտ գնահատականներ, քան այս հայտարարությունում էր», – նշում է Վարդանյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում