Մհեր Ենոքյանի բանտային ռեժիմի փոփոխության որոշումն անընդունելի է. Ելենա Աղաջանովա

Մհեր Ենոքյանի բանտային ռեժիմի փոփոխության որոշումն անընդունելի է. Ելենա Աղաջանովա

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, Tert.am: «Կապ չունի՝ նա նույն տեղու՞մ է մնում, մի ժամ ավելի՞ է ազատ լինում, թե՞ ոչ, բայց օրենքով դա պայմանների մեղմացում է ենթադրում: Վաղը կարող են ավելի մեղմացնել պայմանները: Ստացվում է, որ պետությունը գտնում է, թե նա կանգնել է ուղղվելու ճանապարհին: Մյուս կողմից՝ ուզում եմ հասկանալ, դա նաև նշանակում է, թե պետությունը ներու՞մ է այն հանցանքը, որը նա իրականացրել է նաև պետության դեմ: Չէ՞ որ, բացի նրանից, որ Ենոքյանը դաժան սպանություն է արել, նաև երկու անգամ փախուստի է դիմել»,-ասաց նա:

Աղաջանովայի կարծիքով՝ կան կալանավորներ, հանցագործներ, որոնց նկատմամբ կարելի է ինչ-որ մեղմացում անել, բայց դա չպետք է վերաբերի դաժան մարդասպաններին, որոնք հանցագործությունը կատարել են նախապես պլանավորված:

«Մեղմացումը չպետք է վերաբերի նրանց, որոնք նորից հանցանք են կատարել դատվածության ընթացքում, կարող է վերաբերել այն մարդկանց, որոնք ոչ գիտակցված են կատարել սպանությունը, օրինակ՝ վրաերթ է եղել, վարորդը չի տեսել հետիոտնին: Այս մոտեցումը կբերի նրան, որ օրենքը պետության մեջ չի հարգվի: Կնշանակի, որ ամեն ինչ հնարավոր է անել, հետո մի քիչ լավ պահել բանտում, մի քիչ գիրք կարդալ, մի քիչ խելոք բաներ խոսել, ու պետությունը կգնա ներելու ճանապարհով»,-ասաց նա:

Աղաջանովի քույրը ընդգծեց՝ բանտային ռեժիմի մեղմացնող օրենք կարող է լինել, բայց պետք է նայել, թե որ օրենքն ում նկատմամբ կիրառել՝ դա մեծ նշանակություն ունի: «Դե այդպես է, թող բոլորը գողություն անեն, հետո որոշվի, թե 1 տարի հետո կարող են ազատ արձակվել: Այդպես համաներում արեցին, ու տեսանք՝ ինչ կատարվեց, ինչքան մարդ տուժեց: Իսկ ինչու մարդը, որն ամբողջ օրն աշխատում է պետության համար, պետք է մտածի՝ տունը, մեքենան կթալանե՞ն: Պետությունը պետք է ապահովի իր քաղաքացիների հանգիստը: Մենք պետք է զգանք, որ ապահովված ենք պետության կողմից»,-ասաց Ելենա Աղաջանովան:

Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի։ Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ Գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, վերջինիս տանը: Արամ Հարությունյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: 2003-ին մահապատիժը ՀՀ-ում վերացվել է, իսկ Մհեր Ենոքյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման։

Օրերս «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը հայտնեց, թե իր տեղեկություններով՝ Ենոքյանի բանտային փակ ռեժիմը փոխվել է կիսափակի: Արդարադատության նախարարությունը չհերքեց տեղեկությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում