Երևանի քաղաքապետը կրկին չի կատարել խոստումը․ Դավիթ Խաժակյան

Երևանի քաղաքապետը կրկին չի կատարել խոստումը․ Դավիթ Խաժակյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, Tert.amՈւնենք իրավիճակ, երբ իրականություն չի դառնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի տված հերթականը խոստումը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Նա պարզաբանեց, որ քաղաքապետը շատ հստակ հայտարարել էր, որ մինչև փերվարի վերջ պետք է հայտարարվի հարյուր ավտոբուսների գնման մրցույթ: «Դա այնքանով է հրատապ, որ տրանսպորտային խնդիրը, բացի նրանից, որ լուրջ վիճակում է, նաև մաշված շարժակազմն անընդհատ դուրս է գալիս և խնդիրը ավելի է սրվում»,– ասաց նա:

Դավիթ Խաժակյանը կարծում է, որ հարցն առաջնահերթություններն են, քանի որ Կառավարությունը նախնական համաձայնություն տվել է երաշխավոր լինելու քաղաքապետարանին, այնուհետև հետ է կանգել:

«Դա անհեռատես և անհեռանկարային քայլ է: Շատ վաղուց մենք իրենց անընդհատ ասում էինք, որ այդ ճանապարհով գնալը այսինքն՝ Կառավարությունից վարկային երաշխավորություն ուզելը Կառավարության համար նշանակում է արտաքին վարկի մեծացում, իսկ դա այն թեման էր, որն անընդհատ քննադատվել է Փաշինյանի կողմից նախկին իշխանության ժամանակ, երբ ասում էր, որ մեր արտաքին պարտքն անընդհատ մեծանում է, և հիմա քաղաքապետարանը, ըստ էության, դիմում է Կառավարությանը` ասելով մեծացրու պարտքը»,- ասաց նա:

Ավագանու անդամը նկատեց, որ այստեղ շահերի բախում կա: «Եթե Կառավարությունը հօգուտ Մարությանի երաշխավորի, կստացվի ի վնաս իրեն է, քանի որ երաշխավորել որևէ վարկ նշանակում է մեծացնել արտաքին պարտքը, և որքան ես գիտեմ` այդ գոծընթացը պետք է անցնի Ազգային ժողովով, Ազգային ժողովը բարձրացնի արտաքին պարտքի վերին շեմը իսկ դա որևէ Կառավարության համար ցանկալի երևույթ չէ»,-ասաց նա:

Դավիթ Խաժակյանը նշեց, որ իրավիճակի վերջնական լուծուը նոր ցանցի ամբողջական ներդրումն է մասնավոր օպերատորների միջոցով, որոնք կիրանացնեն երկարաժամկետ ներդրումներ և ձեռք կբերեն ավտոբուսներ:

«Քաղաքապետարանը և քաղաքապետը գնում են սոցիալիստական ճանապարհով այն է, որ դա պետք է կառավարվի համայնքային կառույցի կողմից և դա նշանակում է, որ համայնքը և պետությունը պետք է ձեռք բերեն այդ ավտոբուսները»,- ասաց նա և նշեց, որ դրա համար խնդիր մնում է առկախված:

«Կարող ենք սրանով արձանագրենք, որ խնդրի ձգձգումը պայմանավորված է հենց քաղաքապետրանի սխալ ընտրած ճանապարհով, քանի որ եթե նախորդ այդ ցանցը դնեին մրցույթի և մասնավոր կազմակերպություններ ներգրավել, ապա համոզված եմ, որ այսօր կայացված մրցույթ կունենայինք», –ասաց նա:

Դավիթ Խաժակյանը նշեց, որ առաջին անգամ է այս մասին բարձրաձայնում և ակնկալում է բացատրություն, թե ինչու չկա մրցույթ: «Սա լուրջ խնդիր է, որովհետև եթե մցրույթն այսօր չի հայտարարվում, և այդ ավտոբուսները կարճ ժամկետում չեն գալիս, ապա այս տարվա ընթացքում 450 «Գազել» տարբեր մասնավոր գծերից դուրս են մնալու, ինչը բերելու է գծերի փակման և գծերի թեթևացման և այդ ծանրաբեռնվածությունն էլ ավելի է մեծանալու»,- ասաց նա և ավելացրեց, որ քանի դեռ ժամանակը գնում է, և իրենք սխալ ուղղությամբ են գնում, վիճակը ավելի է բարդանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում