Մեծ Բրիտանիայում նորածին երեխան դարձել է կորոնավիրուսի ամենաերիտասարդ վարակակիրը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, Tert.am: Մեծ Բրիտանիայում նորածին երեխան դարձել է կորոնավիրուսի ամենաերիտասարդ վարակակիրը, գրում է Daily Mail-ը:
Աղբյուրը հաղորդում է, որ երեխայի մայրը շտապ հիվանդանոց էր տեղափոխվել մի քանի օր առաջ՝ թոքաբորբի կասկածանքով, սակայն նրա մոտ կորոնավիրուսը հաստատվել է միայն ծննդաբերությունից հետո:
Մայրը և երեխան բուժում են ստանում հիվանդանոցում. երեխայի վիճակը բավարար է գնահատվում, մինչդեռ մոր վիճակն ավելի ծանր է: Նորածինը գտնվում է Հյուսիսային Միդլսեքսի հիվանդանոցում, որտեղ նա ծնվել է, իսկ մայրը տեղափոխվել է մասնագիտացված ինֆեկցիոն հիվանդանոց:
Բժիշկները փորձում են պարզել, թե ինչպես է նորածինը վարակվել վիրուսով. ենթադրվում է, որ երեխան վարակվել է կամ մոր արգանդում, կամ ծննդաբերության ժամանակ:
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրվա ընթացքում ավելացել է 200-ով՝ հասնելով 800-ի, մահացել է 11 մարդ:
Ուելսի առողջապահության նախարարը հայտնել է, որ Ուելսում կարող է մահանալ մինչև 20 000 մարդ:
ԱՀԿ-ն երեկ Եվրոպան հայտարարել էր կորոնավիրուսի համավարակի կենտրոն:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ Եվրոպայում «նոր դեպքերի և մահացությունների մասին հաղորդագրություններն ավելի շատ են, քան աշխարհի մյուս հատվածներում»։ «Ամեն օր հաղորդվում է ավելի շատ դեպքերի մասին, քան Չինաստանում համաճարակի գագաթնակետի ժամանակ»,– հավելել է Գեբրեյեսուսը:
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 145 931-ի, մահվան դեպքերը 5440 են: Հայաստանում հաստատվել է վարակի 15 դեպք։
Հետևեք մեզ նաև Telegram-ում