Այս ամենը կատարվել է, որ ճնշում գործադրվի ԶԼՄ-ների վրա, սա ճնշում է խոսքի ազատության դեմ. Արմեն Թավադյան

Այս ամենը կատարվել է, որ ճնշում գործադրվի ԶԼՄ-ների վրա, սա ճնշում է խոսքի ազատության դեմ. Արմեն Թավադյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, Tert.amԴատարանի որոշումով պարզ եղավ, որ այն մեղադրանքն ու այն կալանքը, որում ես գտնվում էի, լրիվ անօրինական ու անհիմն էր: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց «5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը:

«Ես ենթադրում եմ, որ այդ ամեն ինչը կատարվել է նրա համար, որ ճնշում գործադրվի ԶԼՄ-ների վրա, որից մեկի սեփականատերը ես եմ: Սա ճնշում է խոսքի ազատության դեմ»,- ասաց նա:

Վերջինիս պաշտպան Հովհաննես Խուդոյանն էլ նշեց, որ գործին անդրադառնալիս ասել են և այսօր էլ պիտի հիշեցնեն, որ ի սկզբանե գործը շատ թերություններ է ունեցել, այդ թերություններից յուրաքանչյուրը բավական էր, որ քրեական հետապնդում չիրականացվի ու կալանք չկիրառվի: Թավադյանը նշեց, որ միշտ պնդել են՝ թե կալանքի, թե հետապնդման հիմքերը բացակայում են:

«Ավելի հետաքրքրիր ստացվեց, երբ ծանոթացանք գործի նյութերին ու տեսանք, որ այս գործի ամենասկզբում ոստիկանության կողմից հրապարակված տեսանյութը ինչ տեսանյութերից է մոնտաժվել: Այդ տեսանյութերի ամբողջական բովանդակությանը ծանոթացանք ու հասկացանք, որ այդ տեսանյութերը լրիվ հակառակ բանն են ապացուցում. պրոֆեսիոնալ, բայց ոչ բարեխիղճ մոնտաժի արդյունքում փորձ էր արվել հանրությանը ներկայացնել այլ կերպ: Ենթադրում եմ՝ առաջիկայում հնարավորություն կունենանք արդեն դռնբաց դատական նիստերի ընթացքում անդրադառնալ այդ հարցերին ու այդ տեղեկատվությունը ամբողջական հասանելի դարձնել»,- ասաց նա:

Խուդոյանը նշեց, որ քրեական գործով առաջիկայում սպասվում են որոշակի զարգացումներ: «Դատախազությունում էլ այսօր եղել, կամ դեռ պետք է լինի քննարկում քրեական գործի ճակատագիրը որոշելու, գործը մեղադրական եզրակացությամբ պետք է գնա դատարան, հույս ունեմ, որ Դատախազության մեր գործընկերներն այնքան հեռատես կլինեն, որ նման որակի, նման մակարդակի քրեական գործը չեն ուղարկի դռնբաց դատական քննության:

Դատախազին էլ անձնական շփման ընթացքում ասել եմ՝ ակնկալում եմ, որ այս գործով պետք է շուտափույթ կարճում լինի, որովհետև հակառակը դուրս է գալիս տրամաբանությունից ու ուղղակի դա հանցավոր գործունեություն է իրավապահ մարմինների կողմից»,– նշեց նա:

Ինչ վերաբերում է Թավադյանի գույքը կալանքի տակ դնելուն, փաստաբանն ասաց, որ այդ միջոցով ցանկանում էին խոչընդոտել Արմեն Թավադյանի գործունեությունը և նշեց, որ հետամուտ են լինելու, որ մեղավոր պաշտոնատար անձինք ենթարկվեն քրեական պատասխանատվության:

Հիշեցնենք, որ օրերս դատարանը բավարարեց «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպանների ներկայացրած կալանքը երկարաձգելու դեմ բողոքը։ Դեկտեմբերի 24–ին «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորել էին կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում