Արամայիս Սահակյան. Մայրիկ
20/05/2020 22:25
Նմանատիպ
Նորից դու ես ջերմ ու մեղմիկ
Դողում գլխիս վերև,
Դու իմ արթո՜ւն, արթո՜ւն մայրիկ,
Իմ մայր մտած արև:
Ո՞վ էր վառվում ցերեկն ամբողջ,
Ամբողջ հոգսը տանում,
Ո՞վ էր լամպի լույսով դողդոջ
Կարկատաններ անում:
Գիշերն ո՞վ էր ծածկում-հսկում
Փոքրիկներիս քնած,
Լուսաբացին ո՞վ էր արթուն՝
Տան կրակը վառած…
Հիմա մեզնից շա՜տ ես հեռու,
Շա՜տ ես հեռու մեզնից,
Բայց մենք հաստատ գիտենք, որ դու
Մեզ հսկում ես նորից:
Չէ որ ամեն մի երազում
Երևո՜ւմ ես դու մեզ…
Մա՜յր իմ, մա՜յր իմ, մա՜յր իմ արթուն,
Դու ե՞րբ պիտի քնես: