Քոչարյանին ազատ արձակած դատավորի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց

Քոչարյանին ազատ արձակած դատավորի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։

«Այսօր երկարատև հիվանդությունից հետո վախճանվեց դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ ապօրինի իրականացվող քրեական հետապնդումը և ի շնորհիվ դատավոր Դավիթ Բալայանի արդարացման ակտի վերջինս արդարցվեց։

Ցավակցում ենք ՀՔԾ-ին և դատախազությանը», – ֆեյսբուքյան իր էջում գրել է դատավաորի փաստաբան Գեորգի Մելիքյանը։

Նշենք, որ արդարացման դատական ակտը կայացվել է հունիսի 5-ին։

Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը քննում էր Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Բալայանը։

Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, ով ազատ էր արձակել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել անցած տարվա հուլիսին, նա, սակայն, մեղադրանքը չէր ընդունել։

Գրիգորյանի փաստաբանը մեղադրանքը պայմանավորել էր Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հանգամանքով:

2019-ի հուլիսին դատավորի աշխատասենյակում խուզարկություն էր իրականացվել, դուռը կնքվել էր։ ԲԴԽ-ի համաձայնությամբ նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել, դատավորը որպես մեղադրյալ ներգրավվել էր պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածով. նրա լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում