«Փաստ». Տնտե­սա­կան դրու­թյու­նը ծան­րա­նում է, իսկ կառավարությունը փոր­ձում է նոր «ձեռք­բե­րում­ներ» ցույց տալ

«Փաստ». Տնտե­սա­կան դրու­թյու­նը ծան­րա­նում է, իսկ կառավարությունը փոր­ձում է նոր «ձեռք­բե­րում­ներ» ցույց տալ

«Փաստ» օրաթերթը գրում է

Համավարակի արդյունքում շարունակում է վատանալ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը։ Թվում էր, թե կարանտինի հայտարարման ժամանակաշրջանից հետո բիզնեսի դրությունը բարելավվելու է, տնտեսությունը սկսելու է շնչել, բայց համաճարակը շարունակում է տարածվել, իսկ տնտեսական դրությունն ավելի է ծանրանում։

Եվ այս իրավիճակում խոսել տնտեսական հեղափոխության մասին՝ ուղղակի անիմաստ է։ Թեպետ, տնտեսագետների մեծ մասն այդ ձևակերպումն իմաստազուրկ էին համարում դեռ մինչ համավարակը:

Իսկ գլխավոր գործը, որ պետք է անի իշխանությունը ճգնաժամը հաղթահարելու համար, այն է, որ նոր լուծումներ մշակի և նախաձեռնություններով հանդես գա։ Սա ենթադրում է, որ առավել քան նպաստավոր պայմաններ պետք է ստեղծվեն բիզնեսի համար, կիրառվեն տնտեսական գործունեությունը խրախուսելու տարբերակներ, քայլեր ձեռնարկվեն նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ։

Սակայն գործադիրի քայլերը անտոկոս վարկեր տրամադրելուց ու սոցիալական աջակցության փաթեթներ տրամադրելուց այն կողմ չեն անցնում, չկան խոշոր տնտեսական նախագծեր և ներդրումներ, իսկ ամենամասշտաբային նախաձեռնությունը, որի վրա հույս են դրել իշխանությունները, անցյալ տարի թերակատարված կապիտալ ծախսերի իրականացումն է։

Քանի որ գրեթե բոլոր տնտեսական ցուցանիշները մտահոգության տեղիք են տալիս, ապա այս ֆոնին հետաքրքրական է, որ տևական ժամանակ վարչապետը խուսափում էր իր ֆեյսբուքյան էջում տնտեսական ցուցանիշներ հրապարակել։

Եվ սա այն դեպքում, որ Փաշինյանը հակված է պարբերաբար ցուցանիշների միջոցով ցույց տալ, թե իր գլխավորած կառավարությունն ինչ «աննախադեպ ձեռքբերումների» է հասել։

Սակայն Փաշինյանն այս անգամ չկարողացավ համբերել և օրերս փորձեց հանրությանը ներկայացնել ցուցանիշներ այն մասին, թե աշխատատեղերի վերականգնման գործընթաց է գնում։ Ըստ այդմ, վարչապետի ներկայացրած տվյալների համաձայն, մայիսին վերականգնվել է ապրիլին փակված 71 471 աշխատատեղերից 50 094-ը:

Այդուհանդերձ, պարզ չէ, թե վարչապետը որտեղից է վերցրել նշված ցուցանիշները, քանի որ, ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, ապրիլին պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը եղել է 61 133։

Եվ գործազրկության այս ցուցանիշը չի նշանակում, թե միանգամից մեկ ամսվա ընթացքում այդքան թվով մարդիկ ընթացքում գործազուրկ են դարձել։

Ու շատ տարօրինակ է, որ ըստ վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալների, 2020 թվականի հունվարին ապրիլի համեմատությամբ գործազրկության ավելի մեծ ցուցանիշ է գրանցվել՝ 62 004։

Ընդ որում, 2019 թվականի հունվար-ապրիլ ամիսների համեմատությամբ մի բան էլ գործազրկության անկում է նկատվել, քանի որ գործազուրկների միջին ամսական թվաքանակը 2019 թվականի հունվար-ապրիլ ամիսներին եղել է 64 830, իսկ 2020 թվականի հունվար-ապրիլին՝ 61 727։

Ամեն դեպքում պաշտոնական վիճակագրությանը հանրությունը լուրջ չի վերաբերվում, քանի որ իշխանություններն ամեն ինչ անում են, որ դրական ցուցանիշներ և աճեր ցույց տան։ Սակայն այսքանից հետո կարելի է ենթադրել, որ միգուցե վարչապետ Փաշինյանը աշխատատեղերի վերականգնում ասելով՝ նկատի է ունեցել աշխատողների այն հատվածին, որոնք ողջ ապրիլի ընթացքում հարկադիր պարապուրդի էին մատնվել, և կարանտինի ավարտից հետո արդեն պետք է աշխատանքային ռիթմի մեջ մտնեին։

Բայց եթե կարանտինային պարապուրդից հետո աշխատավորները անցնում են իրենց բնականոն գործին, ապա հարց է, թե այստեղ ո՞րն է կառավարության ձեռքբերումը։ Եթե իրապես փակված աշխատատեղերի փոխարեն նորերն են ստեղծվել, ապա Փաշինյանն էլ ինչո՞ւ է ընկնում սար ու ձոր, թող տվյալներ ներկայացնի նոր աշխատատեղերի ստեղծման մասին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում