Չի կարելի ասել, որ նախագահհը պատասխանատու չի այս իրավիճակի համար. Ռ. Մելիքյան

Չի կարելի ասել, որ նախագահհը պատասխանատու չի այս իրավիճակի համար. Ռ. Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, Tert.am: Այն, ինչ սահմանադրական իշխանության հետ կատարեց այս իշխանությունը, ոչ միայն հակասահմանադրական, հակաիրավական է, այլ նաև լրջագույն վտանգներ է պարունակում Հայաստանի ապագայի տեսանկյունից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով հունիսի 30-ին ընդունած Սահմանադրական փոփոխություններին, որի 21-րդ օրն արդեն լրանում է և այն նախագահ Արմեն Սարգսյանը չի ուղարկել Սահմանադրական դատարան, հետևաբար 22-րդ օրը կարող է ստարգրել ԱԺ նախագահը:

«Այլևս որևէ ուժ չի կարող վկայակոչել Սահմանադրությունը՝ իրեն պաշտպանելու համար: Այսինքն, ապագայում օրինակ ներկայիս իշխանությունների ներկայացուցիչների հետ կարող են վարվել շատ ավելի խիստ ձևով, քան կարող են այս պահին ակնկալել, քանի որ ներկայիս իշխանություններն իրենք իրենց ձեռքով զրկեցին իրենց՝ Սահմանադրական պաշտպանությունից: Այսինքն, այլ կերպ ասած, սա մեծագույն հարված էր մեր սահմանդրականությանը և այս մեծ հարվածը առաջին հերթին վերաբերում է հենց այն մարդկանց իրավական պաշտպանության միջոցներին, որոնք այդ քայլը կատարեցին կարճ հաշվարկածներից ելնելով»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի գործողություններին, ապա նա ասաց, որ այս ամբողջ պատմության մեջ դա էական չի համարում: «Ներկայիս իշխանությունները արդեն շաբաթներ առաջ հայտարարել և հանձնարարել են բոլոր մարմիններին և ոստիկանությունն էլ սրբորեն կատարել է այդ հանձնարարությունը, ըստ որի՝ Սահմանադրական դատարանի երեք դատավոր այլևս Սահմանադրական դատարանի դատավոր չեն և անգամ նրանցից մեկին արգելեցին Սահմանադրական դատարան մուտք գործել»,-ասաց նա:

Ռուբեն Մելիքյանը նշեց, որ իշխանությունների տեսանկյունից արդեն իսկ ուժի մեջ էր այդ կարգավորումը, հետևաբար նրանց համար որևէ բան չի փոխվում՝ այս օրենքի ուժի մեջ մտնելու կամ չմտնելու պարագայում:

«Դա ևս մեկ նշան է, որ իշխող քաղաքական ուժը ջախջախել է սահմանադրականությունը մեր երկրում և հնարավորություն է ստեղծել ապագայի համար շատ ավելի ազատ վարվել նման իրավիճակներում: Այսինքն ցանկացած ուժ կարող է հայտարարել, որ ՀՀ-ում Սահմանադրական կարգը տապալվել է և դրանից բխող միջոցառումներ իրականացնել և դա չի լինի անհասկանալի»,- ասաց նա:

Ըստ իրավապաշտպանի՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գործողությունները նման է «ձեռքերը լվանալուն»: «Սեփական Սահմանդրական պարտականություններից խուսափելու հերթական դրսևորում էր նրա կողմից՝ միաժամանակ առանց հանցակցելու իշխող քաղաքական ուժին: Այն, ինչ կատարեց իշխող ուժը, ցանկացած արևմտյան արժեքաբանություն թեկուզ մի փոքր կրող և ընկալող անձի համար հասկանալի է, որ դա անհետևանք մնալ չի կարող:

Եվ նախագահը շատ լավ հասկանում է, որ իր ստորագրությունը ուղղակի հանցակցություն կնշանակեր, բայց, միևնույն ժամանակ, նախագահը ոչինչ չարեց կանխելու այս ընթացքը, այս տեսանկյունից չի կարելի ասել, որ նախագահը պատասխանատվություն չի կրում այս խայտառակ իրավիճակի համար»,- ասաց նա և նշեց, որ ուղղակի չի կարելի այսպես իրականացնել պետական քաղաքականություն:

Ըստ Ռուբեն Մելիքյանի՝ այսուհետ կսկսեն Սահմանադրական դատարանի անդամների թեկնածուներ առաջադրել՝ կառավարությունը, ՀՀ նախագահը: «Ես այն համոզմանն եմ, որ բոլոր այն իրավաբանները, որոնք այս գործընթացին կմասնակցեն, օրինակ համաձայնություն կտան, որ իրենց թեկնածությունը առաջադրվի, իրենք նույնպես կստանձնեն հանցակցություն սահմանադրական կարգը տապալելու համար»,-ասաց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում