Պայթյունի հետևանքով մեծ վնասներ է կրել Անթիլիասի մայրավանքը

Պայթյունի հետևանքով մեծ վնասներ է կրել Անթիլիասի մայրավանքը

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում երեկ տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով նյութական մեծ վնասներ է կրել Անթիլիասի մայրավանքը։

Ciliciatv-ի փոխանցմամբ, վնասվել են Մայր տաճարի դռները, ջահերը, պատուհանները։
Վնասներ են կրել նաև Վեհարանի հայագիտական ու մանկավարժական կենտրոնները, Կիլիկա թանգարանը։

Երեկ ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարեց, որ Լիբանանի մայրաքաղաքի հայահոծ թաղամասերում, ինչպես ողջ Բեյրութում, ավերածությունները զգալի են։

«Այս պահի դրությամբ նախնական տեղեկություն կա ազգությամբ մեկ հայի մահվան և մի քանիսի՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ունենալու մասին՝ հիմնականում տներում՝ ապակիների փշրվելուց։ Պայթյունից մասնակիորեն վնասվել է նաև Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը»,- նշել էին ԱԳՆ-ից։

Շրջանառվող տեղեկությունների համաձայն, Բեյրութի կենտրոնից ոչ հեռու՝ նավահանգստին մոտ պայթել է 2.750 տոննա ամոնիումի նիտրատ, որը առգրավել ու պահեստավորել էին մոտ 6 տարի առաջ։

BBC-ի հայտնած վերջին տեղեկությունների համաձայն, պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 70 մարդ, վիրավորվել 4 հազար մարդ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում