Արթուր Դանիելյանի և Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած միջադեպի նախաքննությունն անցկացվել է ճչացող խախտումներով. Տիգրան Աթանեսյան

Արթուր Դանիելյանի և Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած միջադեպի նախաքննությունն անցկացվել է ճչացող խախտումներով. Տիգրան Աթանեսյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.amԱրթուր Դանիելյանի և Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած միջադեպի նախաքննությունն անցկացվել է ճչացող խախտումներով: Մայիսի 8-ին հարուցված գործով պարոն Դանիելյանը չի հարցաքննվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ խոսելով «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի և ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննության մասին:

«Դանիելյանն առհասարակ չի հարցաքննվել գործով, միայն հուլիսի 27-ին իրեն մեղադրանք է առաջադրվել և այդ ժամանակ ցուցմունք է տվել այն չափով, որ չափով անհրաժեշտ է համարել:

Պարոն Սիմոնյանը անգամ որպես կասկածանքով վկա չի հարցաքննվել, նա պարզապետ որպես վկա է հարցաքննվել և ասել, որ իրեն ենթարկեն դատահոգեբանական քննության՝ պարզելու, թե նա աֆեկտիվ թե ոչ աֆեկտիվ վիճակում է գործել:

Այստեղ շատ մեծ խախտում կա, քանի որ նմանատիպ փորձաքննություններ նշանակվում են միայն մեղադրյալի նկատմամբ, իսկ այստեղ սովորական վկայի նկատմամբ դատահոգեբանական փորձաքննություն է նշանակվել»,- ներկայացրեց փաստաբանը:

Աթանեսյանը ներկայացրեց նաև խախտումներից այն, որ հակասություն կա Դանիելյանի և Սիմոնյանի ցուցմունքների միջև, սակայն առերեսում չի արվել, Արթուր Դանիելյանը պետք է սկզբում տուժող ճանաչվեր, քանի որ մարմնական վնասվածքներ էին առկա, որպեսզի հետագա ընթացքից տեղյակ լիներ:

«Այսինքն մենք երեք ամիս զուրկ ենք եղել որևէ հնարավորությունից, որով կպաշտպանեինք մեր իրավունքները, ստացվում է սկզբից Արթուրին հարցաքննությունից դուրս են հանել, որպեսզի այս ծածկադմփոցն ու խայտառակությունն իրականացնեն»,– ասաց նա և հավելեց, որ խախտումներն այսքանով չեն սահմանափակվում:

Հարցին, թե ինչ պետք է սպասել Դատախազությունից, փաստաբանը պատասխանեց՝ համոզված չէ, որ ՀՔԾ-ն ոչ պրոֆեսսիոնալ հիմնարկ է, պարզապես ստիպված է եղել նման խախտումների գնալ, քանի որ իրենց ստիպել է երկրի բարձրագույն ղեկավարությունը: Ըստ նրա՝ եթե երկրի ղեկավարությունն այդպես է որոշել, ապա ամեն ինչ անելու են, որ Ալեն Սիմոնյանին պաշտպանեն, իսկ Արթուր Դանիելյանին խիստ պատժեն:

«Այս առումով՝ ես որևէ ակնկալիք չունեմ և կարող եմ մի բան ասել, որ հեղափոխությունից հետո մեր իրավական համակարգը բարելավելու, բարեփոխելու փոխարեն ընկել է անդունդի մեջ և դարձել է այս իշխանությունների պատանդը»,– ընդգծեց նա:

Դիտարկմանը, թե դեպքի առիթով տեսանյութ հրապարակվեց և արդյոք տեսանյութը և Ալեն Սիմոնյանի ցուցմունքը համապատասխանում են, վերջինս արձագանքեց՝ ակնհայտ է, որ չի համապատասխանում, քանի որ Սիմոնյանը լայվում ավելի մանրամասն է դեպքը պատմում, քան ցուցմունքներում, որի նպատակն այն է եղել, որ ապացուցվի՝ Ալեն Սիմոնյանը աֆեկտիվ վիճակում է եղել և չի հիշում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում