Խաղողագործները բողոքի ակցիա են իրականացրել

Խաղողագործները բողոքի ակցիա են իրականացրել

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱրարատի մարզի Ոստան համայնքում բողոքի ակցիա են իրականացրել խաղողագործությամբ զբաղվող գյուղացիները, նրանք նշեցին, որ երեկ երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում մեքենաներով եկել են գործարանի տարածք, սակայն երկար ժամանակ կանգնած են մնացել, մթերում չի իրականացվել:

Խաղողագործները նշում են՝ իրենց խնդրանքը կառավարությանը մեկն է՝ մի քանի գործարան ավելացնեն, մթերեն խաղողը: «Իրենք իրենց ուզած ձևով ոնց ուզում են այդպես էլ անում, ինչ կա ձևական է, եթե մթերման գործընթացը ձգձգվի, ճանապարհ փակելու քայլին ենք դիմելու, ուրիշ ելք չկա, դա է մնացել»,- նշեցին գյուղացիները՝ հավելելով՝ 10 օր հետո գյուղացին պետք է վարկ փակի, ի՞նչ է անելու:

Ըստ նրանց՝ Կառավարությունը պետք է նիստ հրավիրի, հանձարարական տա վաղվանից զբաղվել մթերումներով, սա մթերում չէ, սա խայտառակություն է. այս ժողովուրդը մեղք է, այսպես շարունակել չի լինի:

«Էս պահին հանրապետությունում ինչքան ղեկավար ուժ կա, բոլորը վարչապետի ձեռքին է՝ ԿԳԲ-ն էլ, ՊՆ-ն էլ, միլիցիան էլ, տո էլ ինչ ասեմ՝ մենք էլ, նա ոնց ասի, էնպես էլ լինում է։ Այստեղից ում էլ այդ աթոռը տան, ցանկացածն էլ կարող է նման բան անել։ Ուղղակի ցանկություն է պետք, ուրիշ ոչինչ, տեղից իրար գալ է պետք»,- ասաց խաղողագործներից մեկը:

Նրանք նաև նշեցին, որ եթե պատճառաբանում են, թե մթերող ընկերությունը մասնավոր է և Կառավարությունը ոչինչ չի կարող անել, այդ դեպքում ինչո՞ւ է Կառավարությունն առանց տոկոսների վարկեր տրամադրում։

«Այսօր պարոն Փաշինյանն ուզում է այս երկրում գյուղատնտեսություն զարգացնի, իմ տված հարկերի հաշվին մարդկանց ձրի վարկեր է տալիս։ Հիմա դիմում եմ պարոն Փաշինյանին՝ այս ձևով գյուղատնտեսություն զարգացնելը խայտառակություն է։ Ո՞վ է տեսել` խաղողը բերեն, երեք օր կանգնեն քուչեքը ու չընդունեն։ Պարոն Փաշինյանը թող իր գյուղնախարարին ուղարկի այստեղ: Մթերում է, գան տեսնեն՝ ինչպես է անցնում։ Մի ամիս առաջ մեր գյուղում եռուզեռ էր, բնակիչների հետ ընկերությունը պայմանագիր էր կնքում, կնքում էր, որ տաներ դներ Նիկոլի սեղանին ու սուբսիդիա ստանա՞ր պետությունից։ Կամ մթերող ընկերությունները Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածություն ունեն, կամ էլ եթե չունեն՝ ավելի վատ Նիկոլ Փաշինյանի համար»,- նշեցին խաղողագործները։

Ըստ նրանց՝ երկրում ամեն ինչ վերահսկողությունից դուրս է եկել, ով ինչ ցանկանում, անում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում