Իրանի նախագահի կողմից Փաշինյանին ուղղված շնորհավորանքի ուշացումն արդեն ուղերձ է. Վարդան Ոսկանյան

Իրանի նախագահի կողմից Փաշինյանին ուղղված շնորհավորանքի ուշացումն արդեն ուղերձ է. Վարդան Ոսկանյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Իրանագետ Վարդան Ոսկանյանի տեղեկություններով` Իրանից ՀՀ անկախության տոնի առթիվ շնորհավորանք կլինի, բայց ինքնին այն ուշացնելն արդեն ուղերձ է պարունակում:

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ երևույթը որոշակի անհանգստություն պետք է առաջացնի, որովհետև իրանցիներն ուղերձների դիվանագիտական քաղաքականության կողմնակիցն են, շատ հաճախ ուղերձների միջոցով են փորձում հասկանալի դարձնել իրենց դիրքորոշումը:

«Իրանի նախագահ Հասան Ռոհանիի կողմից Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորանքի ուշացումն արդեն ուղերձ է: Այն պայմանավորված է կարևոր հանգամանքով` Իսրայելում դեսպանատան բացման և այլ գործընթացներով, որոնք Իրանում առաջացրել են որոշակի անհանգստություններ և նույնիսկ դժգոհություններ, ինչն արտահայտվում է տարբեր մակարդակներում»,– ասաց նա:

Վարդան Ոսկանյանի խոսքով` ինքը տեղյակ չէ, թե ինչ աշխատանքներ են իրականացրել ՀՀ պատկան մարմինները Իրանի հետ Իսրայելում ՀՀ դեսպանություն բացելու առթիվ առաջացած դժգոհությունը վերացնելու համար:

«Հայ-իրանական հարաբերությունների տեսլականը որևէ ձևով չպետք է խաթարվի որևէ իշխանության վարած քաղաքականության արդյունքում, որովհետև Հայաստան-Իրան հարաբերությունները կարևոր են երկու կողմերի համար էլ:

«Բնականաբար խնդիրներ կարող են առաջանալ որոշակի գործընթացների արդյունքում` ռիսկերը, մարտահրավերների չհաշվարկելու պատճառով, ինչը կոպտագույն սխալ է: Այդ հարաբերությունները պետք է դուրս լինեն տվյալ պահի իշխանության վարած քաղաքականության հետ ուղղակի առնչվելուց»,- նշեց նա:

Իրանի հետ հարաբերությունների վատթարացումը, ըստ նրա, մեզ համար կարող է առաջացնել անվտանգային խնդիրներ: «Տնտեսական խնդիրներն էլ անվտանգության հետ առնչություն ունեն: Իրանի դերի բարձր մնալը Մերձավոր Արևելքում բխում է Հայաստանի շահերից է: Վերցնենք հենց այն փաստը, որ մենք ունենք երկու բաց սահման. մեկը Վրաստանի, մյուսը Իրանի հետ է, և այդ իմաստով, Իրանի հետ սահմանը մեզ համար կարող է ծառայել որպես կյանքի ուղի: Այդպիսի գործառույթ այն արդեն կատարել է արցախյան պատերազմի տարիներին, հետևաբար՝ այստեղ հարթությունները պետք է զանազանվեն, և այլ երկրների հետ մեր հարաբերություններ զարգացնելու ժամանակ պետք է կշռադատվեն հետևանքները, ռիսկերն ու մարտահրավերները»,- ասաց նա:

Թել Ավիվում ՀՀ դեսպանատուն բացելը, Վարդան Ոսկանյանի նկատառմամբ, դեռ պետք չէ համարել բարելավվում հայ-իսրայելական հարաբերություններում: Նա նշեց` դեռևս այդ գործընթացի դրական արդյունքները տեսանելի չեն, փոխարենն արդեն Հայաստանի համար ռիսկերն ու մարտահրավերն են նշմարելի:

«Պետք է աշխատանք տանել, բայց կարծում եմ, այնուամենայնիվ, Իրանում հասկանում են, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը շատ ավելի ընդգրկուն հասկացություններ են, քան Հայաստանի իշխանություններ հասկացությունն է: Հետևաբար՝ այս համատեքստում ես կուզեի նշել, որ շատ կարևոր է ժողովրդական դիվանագիտության դերը, որը լուծում է շատ խնդիրներ: Բայց ամեն դեպքում, չեմ կարծում, որ պետք է հույս դնել միայն ժողովրդական դիվանագիտության վրա, քանի որ Հայաստանը պետություն է և ունի պետական ապարատ»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում