Կրակի այս դադարեցումը լինելու է շատ փխրուն. Կարեն Բեքարյան (տեսանյութ)

Կրակի այս դադարեցումը լինելու է շատ փխրուն. Կարեն Բեքարյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՊատերազմն ավարտված չէ, այս կրակի դադարեցումը լինելու է շատ փխրուն՝ իր հետ զուգահեռ պահանջելով պատերազմին հատուկ պատրաստվածություն և՛ ռազմաճակատում, և՛ դիվանագիտական ճակատում: Այս մասին «Տողերի արանքում» հաղորդաշարի Արցախից հեռարձակվող հատուկ թողարկման եթերում նշել է Կարեն Բեքարյանը՝ մեկնաբանելով Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքներով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը:

«Սա փաստացի մարդասիրական կրակի դադարեցում է: Բավականին հետաքրքիր է, որ հայտարարության առաջին երկու կետերը միասին ամրագրում են, որ փաստացի միջնորդությունը պատվիրակված է Կարմիր խաչին: Սա բավականին մտածելու տեղիք տվող հարց է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ դժվար են ընթացել բանակցությունները և այն, որ Ռուսաստանը, կարծես թե, ռեժիմի պահպանման հետ կապված հարցերի համար ոչ միանշանակ է պատասխանատվություն վերցնում», – նշել է Կ. Բեքարյանը:

Ինչ վերաբերում է առարկայական բանակցությունների անցնելու մասին կետին, ապա, վերլուծաբանի խոսքով, տպավորություն է ստեղծվում, որ կրակի դադարեցումը և առարկայական բանակցությունների անցումը միաժամանակյա ընթացքի տակ է դրվում:

Խոսելով բանակցային ձևաչափի մասին նախարարների հայտարարության մեջ առկա ձևակերպման մասին՝ Կարեն Բեքարյանը նշել է. «Փաստացի, Ադրբեջանի շանտաժը՝ Թուրքիայի առաջ բերելու հասցնելու բանակցային սեղան, չստացվեց գոնե այս փուլում և այս իմաստով: Միևնույն ժամանակ այս հայտարարության մեջ նաև կասեցնում է Արցախի մասնակցությունն այս պահի դրությամբ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում