Սիրիայից վարձկանների նոր խումբը պատրաստվում է ԼՂ հակամարտության գոտի մեկնել․ ՌԻԱ Նովոստի

Սիրիայից վարձկանների նոր խումբը պատրաստվում է ԼՂ հակամարտության գոտի մեկնել․ ՌԻԱ Նովոստի

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՍիրիայից վարձկանների նոր խումբը պատրաստվում է Թուրքիայով Լեռնային Ղարաբաղ հակամարտութայն գոտի մեկնել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով սիրիական ընդդիմությունում իր աղբյուրներին։

Զինյալների թվի և մեկնման ժամկետի մասին տեղեկություն չկա։

Աղբյուրների փոխանցմամբ՝ այնտեղ տեղափոխված զինյալներն արդեն իսկ մեծ կորուստներ են կրում․ վերջին օրերին Թուրքիա է տեղափոխվել 18 վիրավոր և 7 դի:

Միևնույն ժամանակ աղբյուրները հերքել են զինյալների՝ Լեռնային Ղարաբաղից Սիրիա վերադառնալու մասին տեղեկությունները՝ նշելով, որ նման պայմանագրերը կես տարի ժամկետով են կնքվում։

«Սիրիայից մեկնած ոչ մի զինյալ չի վերադարձել Լեռնային Ղարաբաղից»,- նշել է գործակալության զրուցակիցներից մեկը և հավելել, որ զինյալներ այնտեղ են տեղափոխվել դեռևս հունիսից։

«Փոխանակման ժամանակը դեռևս չի եկել, քանի որ դա ամեն վեց ամիսը մեկ է տեղի ունենում»,- նշել է աղբյուրը։

Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը և Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նառիշկինը հայտնել էին, որ Թուրքիան Սիրիայից և այլ երկրներից զինյալներ է տեղափոխվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի՝ այնտեղ ծավալվող մարտերին մասնակցելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում