Ֆրանսիան երբեք չի հրաժարվի իր արժեքներից՝ չնայած սպառնալիքներին. կառավարության խոսնակ

Ֆրանսիան երբեք չի հրաժարվի իր արժեքներից՝ չնայած սպառնալիքներին. կառավարության խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ֆրանսիան երբեք չի հրաժարվի իր սկզբունքներից և արժեքներից, ներառյալ սեփական կարծիքի արտահայտումը՝ չնայած բոլոր տեսակի ահաբեկումներին: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է ֆրանսիական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Ատալը:

«Անկախ ամեն տեսակի ահաբեկումներից՝ Ֆրանսիան երբեք չի հրաժարվի իր սկզբունքներից և արժեքներից, մասնավորապես՝ կարծիք արտահայտելու ազատությունից և հրապարակումների ազատությունից»,- ասել է Ատալը չորեքշաբթի նախարարների խորհրդի նիստի ավարտին կայացած ճեպազրույցում:

Վերջինս ընդգծել է, որ Ֆրանսիան վերջերս «բախվել է ահագնացող ահաբեկչական սպառնալիքին, որը բորբոքվում է ատելության կոչերով»:

«Մեր երկիրն ապակայունության և ահաբեկման թիրախ է դարձել: Սակայն դա միայն հաստատում է իսլամիզմի և դրա բոլոր դրսևորումների դեմ անխոնջ պայքարելու մեր ցանկությունը»,- հավելել է կառավարության խոսնակը:

Ֆրանսիայում ուսուցիչ Սամյուել Փաթիի սպանությունից և երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունից հետո, որի համաձայն՝ երկիրը չի հրաժարվի Մուհամեդ մարգարեի թեմայով ծաղրանկարներից, մի շարք մուսուլմանական երկրներում կոչեր են հնչում բոյկոտելու ֆրանսիական արտադրանքը:

Նման կոչով էր հանդես եկել նաև թուրք առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Բացի այդ, վերջինս հայտարարել էր, որ Մկարոնը «հոգեկան խնդիրների բուժման կարիք ունի»: Այդ հայտարարությունից հետո Ֆրանսիան որոշում էր կայացրել խորհրդատվութան համար հետ կանչել Անկարայում իր դեսպանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում