Արթուր Վանեցյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. փաստաբան (տեսանյութ)

Արթուր Վանեցյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. փաստաբան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amՄիջնորդություն է ներկայացվել «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, սակայն դատարանը նկատի ունենալով այն հանգամանքը, որ արդեն իսկ սկսվել է ձերբակալման իրավաչափության հարցի քննարկումը, այս միջնորդությունը չի միացրել բողոքին և քննում է առանձին:

Այս մասին ասաց Արթուր Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը՝ դուրս գալով ժամեր շարունակ ընթացող դատական նիստից։ Նա նաև նշեց, որ մինչ այս պահը քննվում էր Արթուր Վանեցյանի ձերբակալման իրավաչափության հարցը, դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ, այն կհրապարակվի հետո:

Փաստաբանի խոսքով՝ դատարանում քննարկման ընթացքում հետաքրքիր բացահայտումներ են եղել. «Այն փաստաթղթերը և արձանագրությունները, որոնք ներկայացվել էին դատարան, դրանց բովանդակությունը չէր համապատասխանում ԱԱԾ-ի հրապարակած ձայնագրությունների հետ, և մենք ներկայացրել ենք այդ փաստերը, դատախազը հայտարարեց, որ հասարակությանը ներկայացնելիս իրենք են որոշել և մոնտաժել են ձայնագրությունները: Բնականաբար չի ներկայացվել ապացույց, որը կարող էր փաստել, որ Արթուր Վանեցյանը հանցագործության հետ որևէ առնչություն ունի և ներկայացվում էր, որ այս փուլում ապացույցները անհրաժեշտություն չկա ներկայացնել»:

Թաքնվելու վտանգի վերաբերյալ Լուսինե Սահակյանը նշեց, որ հարց է բարձրացվել, որ չի կարող Արթուր Վանեցյանի թաքնվելու ռիսկ լինել, քանի որ նա օրեր շարունակ հրավիրվել է տարբեր քննչական մարմիններ և նույնիսկ, երբ խուզարկություն է կատարվել իր բնակարանում և նա տեղյակ է եղել կասկածանքի բովանդակությանը, նրան հրավիրել են ԱԱԾ Քննչական ծառայություն, և նա ներկայացել է. «Ակնհայտ է, որ Վանեցյանի ձերբակալությունն ապօրինի և այն պետք է ճանաչվի ոչ իրավաչափ և պետք է ազատ արձակվի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում