Եգիպտական ​​քրիստոնյաները շարունակում են զգուշանալ Մուրսիի վերադարձից. Reuters

Եգիպտոսի քրիստոնյաները մտահոգված են, որ նախկինում իշխանություն կազմող «Մուսուլման եղբայրներ» կուսակցությունն այդքան հեշտությամբ ձեռք չի քաշի իշխանությունից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters լրատվական գործակալությունը, Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում իսլամիստները պարբերաբար բողոքի ցույցեր են կազմակերպում’ պահանջելով նախագահ Մուրսի վերադարձը իշխանություն: «Այս ամենը մտահոգություններ է առաջացնում քրիստոնյա բնակիչների շրջանում և ստիպում զգուշավորություն ցուցաբերել, քանզի ընտրությունների արդյունքում հնարավոր է վերականգնվի նախկին իսլամիստական կառավարությունը»,-գրում է գործակալությունը:

Ղպտի քրիստոնեական համայնքը նաև հույսեր չի տածում, որ գործող նոր կառավարությունը կկարողանա վերջնականպես լուծել իրենց վաղեմի խնդիրները’ կապված պետական աշխատատեղերի, օրենքի առջև հավասարության, ինչպես նաև եկեղեցի կառուցելու թույլտվության հետ: Համաձայն Անհատի իրավունքների պաշտպանության եգիպտական նախաձեռնության տվյալների’ նախագահ Մուրսիի իշխանության’ հուլիսի 3-ի տապալումից հե տո առնվազն հինգ ղպտի է սպանվել իսլամիստների կողմից:

Եգիպտոսի բանակի հրամանատարության կողմից նախագահ Մուհամեդ Մուրսին հուլիսի 3-ին հեռացվել էր նախագահի պաշտոնից, մեկուսացվել էր իր շրջապատից և տեղափոխվել Պաշտպանության նախարարություն: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Մուրսին և նրա կողմնակիցները ձերբակալվել են և տարվել Անվտանգության ծառայության շենք: Եգիպտոսի սահմանադրական դատարանի նախագահին են ժամանակավորապես հանձնվել երկրի նախագահի լիազորությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում