Ռուս խաղաղապահները ԼՂ-ում Լաչինի միջանցքի երկայնքով ապահովում են քաղաքացիական տրանսպորտի անվտանգ շարժը. ՌԴ ՊՆ (տեսանյութ)

Ռուս խաղաղապահները ԼՂ-ում Լաչինի միջանցքի երկայնքով ապահովում են քաղաքացիական տրանսպորտի անվտանգ շարժը. ՌԴ ՊՆ (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ստորաբաժանումները շարունակում են կրակի դադարեցման ռեժիմին հետևելու առաջադրանքներ իրականացնել. ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում 23 դիտորդական կետում, որից 12-ը՝ «Հարավ» պատասխանատվության տարածքում, 11-ը՝ «Հյուսիս»:

Աղբյուրը նշում է, որ նոյեմբերի 14-ից ռուս խաղաղապահների միջոցով հնարավոր է եղել ապահովել Լեռնային Ղարաբաղի ավելի քան 11 հազար բնակչի վերադարձ իր բնակության վայր:

Նշվում է, որ ռուս խաղաղապահները տարածաշրջանում խաղաղ կյանքի վերականգնման համար առավելագույն աջակցությունն են ցուցաբերում տեղական իշխանություններին: Խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները օգնում են վերականգնել ճանապարհային երթևեկությունը, լուծել սոցիալական օբյեկտների և բնակելի շենքերի էլեկտրաէներգիայի, ջրա և ջերմամատակարարման հարցերը:

Ռուս խաղաղապահների պարեկները սննդամթերքով և առաջին անհրաժեշտության իրերով ավտոտրանսպորտը ուղեկցում են ԼՂ հեռավոր բնակավայրեր:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում