Եթե ԱԱԾ-ն սատանա գտնելու փոխարեն «Բայրաքթարների» կիրառման մասին տեղեկություններ հավաքեր, այս արհավիրքը չէր լինի. Արթուր Վանեցյան

Եթե   ԱԱԾ-ն սատանա գտնելու փոխարեն «Բայրաքթարների» կիրառման մասին տեղեկություններ հավաքեր, այս արհավիրքը չէր լինի. Արթուր Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Այսօր մեր հասարակության մեջ մեծ ցավ, սուգ կա, անհասկանալի իրավիճակ է, և այն, որ Փաշինյանի հրաժարականի պահանջը մեծ արձագանք չի ստանում հանրության շրջանակներում, սրիկայություն է, սրիկայությունն այլ տեսք չունի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

Ըստ Վանեցյանի՝ սա զուտ քաղաքական գործընթաց չէ, սա հայրենիքի փրկության գործընթաց է, և չկա հայ, որը կների երկիրը կործանման տարած վարչապետին: «Նա պետք է գնա, նա քաղաքական դիակ է: Դիմում եմ մեր հանրությանը. Փաշինյանի այդ ցինիկ հայտարարությունը թող հիմք հանդիսանա, որ դուրս գան գոնե մեկ օր, մեկ անգամ կանգնեն մեր կողքին, որ նա տեսնի՝ չունի հանրային աջակցություն»:

Խոսելով այն հայտարարության մասին, որով նա ներկայացրել էր Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգների մասին, Վանեցյանը նշեց, որ դա միակը չի եղել, և Նիկոլ Փաշինյանը հաճախ է հրապարակային ապօրինի հրահանգներ տվել ԱԱԾ-ին:

«Եթե Նիկոլ Փաշինյանը սատանա գտնելու փոխարեն հանձնարարեր, որ ԱԱԾ-ն «Բայրաքթարների» կիրառման մասին տեղեկություններ հավաքեր, դրա դեմն առներ, այս արհավիրքը չէր լինի: Նա նվաստացնում է պետական կառավարման մարմինների դերը, պետական կառավարման համակարգը հիմնահատակ քանդել է, դրա համար էլ այսօր մեր ամենակարևոր խնդրով՝ անհետ կորածներին գտնելու մասով չեն կարողանում զբաղվել, որովհետև չկա համակարգ, չգիտեն՝ ոնց գտնեն, միայն մի բան են կարողանում, պայքարում են իրենց իշխանությունը փրկելու համար»,-շեշտեց նա:

ԱԱԾ նախկին տնօրենն ընդգծեց, որ մի օր հանրությունն արթնանալու է և տեսնելու է, որ այս իշխանությունը պետության և պետականության հետ կապ չունի, պարզապես փողոցից եկած, իշխանական գրասենյակները զբաղեցրած մարդիկ են: Ըստ նրա՝ հանրությունը պետք է գիտակցի, որ Նիկոլ Փաշինյանի կողքից հեռանալը պարտություն չէ:

Անդրադառնալով վերջին օրերին մարդկանց անհասկանալի հագուստով բերման ենթարկողներին՝ Վանեցյանը շեշտեց, որ սպայի արժանապատվության դեմ է և կոչ արեց բոլոր պետական մարմիններին սթափ լինել և արձանագրել, որ Փաշինյանը քանդում է մեր երկիրը: «Ընկերներ, սպաներ, գեներալներ, դուրս եկեք կոմֆորտ զոնայից: Ինձ համար իշխանությունը վայելք չէ, եթե իշխանությունն ինձ համար վայելք լիներ, ես կմնայի և կվայելեի այն»:

Խոսելով հացադուլ հայտարարածների մասին՝ Վանեցյանը նշեց, որ նրանք ծայրահեղ քայլի են դիմել, առողջությունը վնասել պետք է, սակայն որոշումը ըստ նրա՝ արդարացված է: Դիտարկմանը, թե մամուլում վարչապետի երեք թեկնածուների անուն է նշվում, որոնց մեջ է նաև Վանեցյանը, վերջինս ընդգծեց, որ վարչապետի թեկնածուի հերցը երկրորդական է, քանի որ պայքարը քաղաքական չէ, իսկ, թե ով կլինի վարչապետը, շատ հեշտ կլուծվի կոնսենսուսի միջոցով, սակայն չի լինի այնպիսի մարդ, որը հանրային աջակցություն չունի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում