Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը պահպանվում է առաջնագծի ողջ երկայնքով. ՌԴ ՊՆ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը պահպանվում է առաջնագծի ողջ երկայնքով, դեկտեմբերի 11-ին Հադրութի շրջանում հրադադարի խախտման մեկ դեպք է արձանագրվել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Դեկտեմբերի 11-ին Հադրութի շրջանում խախտման մեկ դեպք է արձանագրվել: Ռուս խաղաղապահների գործողությունների շնորհիվ կանխվել է իրավիճակի հետագա սրման հավանականությունը»,– ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է նաև, որ ռուսական խաղաղապահ զորակազմն ապահովում է քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրվում է հումանիտար աջակցություն, ինչպես նաև իրականացվում է քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնում:
Վերջին տվյալների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 38 341 փախստական:
Նշվում է նաև, որ Ստեփանակերտում շարունակվում են ինժեներական հետախուզական աշխատանքներն ու տեղանքի ականազերծումը: Մաքրվել է 8 հեկտար տարածք, 7 կմ երկարությամբ ճանապարհ, այդ թվում՝ Ստեփանակերտի մարշալ Բաղրամյանի անվան փողոցը, ինչպես նաև 50 շինություն: Հայտնաբերվել և ոչնչացման համար տեղանքից դուրս է բերվել 51 չպայթած զինամթերք:
Բացի այդ, ռուս բժիշկներն Այգեստան բնակավայրում ամբուլատոր բուժօգնություն են ցուցաբերել 23 տեղացիների:
Հետևեք մեզ նաև Telegram-ում