Նիկոլ Փաշինյանը մեր տարածքները համարում է զուտ հողային զանգված. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեր տարածքները համարում է զուտ հողային զանգված. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amՆիկոլ Փաշինյանը մեր տարածքները համարում է զուտ հողային զանգված, ոչ թե հայրենիք և դրանից բխող հայտարարություններ է անում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահմայանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հարցադրմանը, թե Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն և այդ կարգավիճակով հայկակա՞ն է:

«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Շուշիի մասին անակնկալ չէր, դրանից առաջ առիթ ունեցել էր ասել, որ Շուշին դժբախտ և դժգույն քաղաք էր: Եթե նախնական շրջանում կարող էր տպավորություն լինել, որ թե դա անփորձության, չգիտակցված մոտեցումների արդյունք է, բայց այս գործընթացների ողջ շղթան ցույց է տալիս, որ այս ամենը գիտակցված և նպատակաուղղված է, ամեն ձևով ոտնահարվում է մեր երկրի ազգային, պետական շահը»,-ասաց նա:

Տիգրան Աբրահամյանի դիտարկամբ՝ իշխանության քաղաքականությունը որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում: «Պետությունն առաջ է քաշում մոտեցումներ, որոնք գոնե վերջին 3 տասնամյակում առաջ են քաշվել Ադրբեջանի կողմից»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հայտարարությանը, թե պատերազմի ելքը հնարավոր չէր ավելի քիչ հողային կորուստներով, ապա Տիգրան Աբրահամյանը նշեց, որ Փաշինյանը փորձում է սիրողական գնահատականներ հնչեցնել ռազմաքաղաքական ընդհանուր իրավիճակի վերաբերյալ: Ըստ նրա՝ այդ կերպ փորձում է մոլորեցնել, հասարակության այն խմբին, որը դեռևս իրեն աջակցում է:

Անդրադառնալով այսօր տեղի ունեցած անվտանգության ընդլայնված նիստին, որին մասնակցում էր նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Տիգրան Աբրահամյանն ասաց.

«Այլ բան է ցույց տալ, թե ինչով են զբաղված, բայց այլ բան է, թե մենք իրականում ինչ ենք տեսնում: Անվտանգության խորհրդի նիստը, որը ձևակերպված էր որպես ընդլայնված, ինձ համար տարօրինակ կերպով հրավիրված չէր ԱՀ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, ով ի պաշտոնե համակարգում է անվտանգության ուղղությամբ քաղաքականությունը: Սա արդեն երկրորդ խորհրդակցությունն է, երբ նրան չեն հրավիրում կամ որևէ այլ պատճառով չի մասնակցում, բայց ընդլայնված խորհրդակցության մասնակցում է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարը, ոչ ոլորտային տարբեր մասնագետներ: Այս պարագայում այդ հանդիպումների լրջությունը լրիվ այլ տեսք է ստանում»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում