Ռուսաստանի ԱԳՆ. Լուծումը սահմանագծման գործընթացի մեկնարկն է

Ռուսաստանի ԱԳՆ. Լուծումը սահմանագծման գործընթացի մեկնարկն է

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության եւ մամուլի վարչությունն այսօր հանդես է եկել մեկնաբանությամբ՝ կապված ադրբեջանա-հայկական սահմանին իրավիճակի սրման հետ: Այս մասին տեղեկացնում է Mediamax.am-ը:

Փաստաթղթում ասվում է.

«Շարունակում ենք ուշադիր հետեւել իրավիճակին` կապված սահմանային միջադեպի հետ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ: Ռուսական կողմը աջակցություն է ցուցաբերում Բաքվին եւ Երեւանին լարվածությունը թուլացնելու հարցում` բարձրագույն եւ բարձր մակարդակներով կանոնավոր շփումների միջոցով: Օպերատիվ կապ է պահպանվում մեր երկրների ռազմական եւ սահմանապահ ծառայությունների գծով:

Վերահաստատում ենք հրադադարի ռեժիմի խստորեն պահպանման, ինչպես նաեւ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների այլ դրույթների անշեղորեն կատարելու անհրաժեշտությունը:

Ելնում ենք նրանից, որ բոլոր նման միջադեպերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ, բանակցային միջոցով: Որպես երկարաժամկետ լուծում տեսնում ենք ադրբեջանա-հայկական սահմանի սահմանագծման գործընթացի մեկնարկը` դրան հաջորդող սահմանազատմամբ: Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է շարունակել ամեն կերպ նպաստել Հարավային Կովկասում իրավիճակի հետեւողական կարգավորմանը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում